Search
Close this search box.

Ինչու հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրում ու ներգաղթ չկա . Հարութ Սասունյանի բացառիկ հարցազրույցը ArmLife.am-ին

Ամերիկահայ հանրահայտ գրող, հաջողակ դիվանագետ, ակտիվ հասարակական գործիչ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր:

Հարութ Սասունյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Տաս տարի շարունակ եղել է Ժնևի՝ ՄԱԿ-ի գրասենյակի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ոչ պետական պատգամավոր՝ նշանակալի դերակատարում ունենալով Հայոց Ցեղասպանությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչելու գործընթացում:
1989-2001թթ. զբաղեցրել է բարերար Քըրք Քըրքորյանի կողմից ստեղծված «Լինսի» հիմնադրամի փոխնախագահի պաշտոնը:
Այսօր Հարութ Սասունյանը «Հայաստան Արցախ հիմնադրամ» հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահն է, ինչպես նաև HyeID կազմակերպության վարչության նախագահը:

Հարց. Պարոն Սասունյան դուք ամբողջ աշխարհում հայտնի եք որպես հայ մեծ դիվանագետ, ով նշանակալի ներդրում ունի շատ երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Պատմեք խնդրում եմ, այսօրվա համաշխարհային համաճարակի իրականությունում, որքանով է այս գործընթացն արդիական մնում տարբեր երկրների օրակարգերում:
Հ. Սասունյան. Չնայած նրան որ համաճարակը շատ բաների է խանգարում՝ աշխարհը շարունակում է ապրել իր հարցերով և զանազան երկրների հետ համագործակցություններով: Մենք էլ որպես ամերիկահայեր շարունակում ենք հետամուտ լինել մեր ազգային հարցերին՝ այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հետևանքների վերացմանը:
Օրակարգի հետ կապված էլ նշեմ, որ փորձում ենք անել ամեն հնարավոր բան, որպեսզի ներկայիս նախագահ Դ. Թրամփն իր վերընտրվելուց հետո կամ հաջորդ նախագահը ապրիլի 24-ին գործածի ցեղասպանություն տերմինը: Չնայած նշեմ, որ նախագահ Ռեյգանը դեռևս 39 տարի առաջ նախագահական հռչակագիր է ստորագրել, որում ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: 1951թ-ին ամերիկյան կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել համաշխարհային դատարան, որտեղ պաշտոնապես ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը, հետևապես կարող ենք ասել, որ մենք ունենք ցեղասպանության ճանաչում Ամերիկայի կառավարության կողից, որի մասին շատերը չգիտեն:
Հաջորդ քայլով պետք է պահանջենք հատուցում և պահանջենք ամեն ինչ, ինչ կորցրել ենք ցեղասպանության արդյունքում:
Հարց. Պարոն Սասունյան գիտենք, որ դուք շարունակում եք ղեկավարել «Հայաստան Արցախ» բարեգործական հիմնադրամը։ Ներկայացրեք խնդրում եմ, ինչ ուղղվածության ծրագրեր եք ֆինասավորում առհասարակ, և մասնավորապես պանդեմիայի օրերին, ինչպիսի աջակցություն եք ցուցաբերել Հայաստանին:
Հ. Սասունյան. Շուրջ 30 տարի ես հիմնել և ղեկավարում եմ այս հիմնադրամը: Այս տարիների ընթացքում Հայաստան և Արցախ ընդհանուր առմամբ ուղարկել ենք մոտ 900.000.000 մլն. դրամի հումանիտար օգնություն: Վերջին տարիներին մեր աշխատանքները փոքր-ինչ դժվարացել են, քանի որ այլևս չունենք Քըրք Քըրքորյանի ֆինանսավորումը: Սակայն նշեմ, որ մեր աշխատանքները շարունակում են. անցյալ տարի Հայաստան 68 միլիոն դոլլարի դեղորայք ենք ուղարկել, իսկ այս տարի 6 միլիոն դրամի՝ ներառյալ $181,000 դոլլարի հատուկ տեսակի դեղորայք Covid19-ի համար:

Հարց. Պարոն Սասունյան կցանկանայի ավելի շատ խոսենք դիվանագիտական հարցերի շուրջ, քանի որ դուք այն պրոֆեսիոնալներից եք, ում կարծիքը շատ կարևոր է հայերիս համար։ Այսօր ինչ տեղ է զբաղեցնում մեր երկիրը արտաքին քաղաքականության մեջ։ Կամ կարելի է արդյոք ասել, որ մենք առաջ ենք գնում և այս համատեքստում ունենք հաջողություններ ըստ ձեր վերլուծությունների:
Հ. Սասունյան. Երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բավականին օգտակար եղավ աշխարհով մեկ Հայաստանի վարկանիշի բարձրացման համար, քանի որ առանց արյունահեղության իշխանափոխություն արեցինք՝ ամրապնդելով մարդու իրավունքները մեր երկրում: Այս ամենն անշուշտ դրական անուն տվեց Հայաստանին, սակայն պետք չէ մոռանալ, որ Հայաստանը փոքր երկիր է և չի կարող մեծ ազդեցություն ունենալ գերտերությունների կամ համաշխարհային քաղաքականության վրա: Հետևաբար, մենք պետք է մեր անելիքը հստակ իմանանք և ճիշտ մշակված ծրագրերով առաջ գնանք: Հայաստանը մեծ երկրների ուշադրության կենտրոնում է ավելի շատ Արցախյան հիմնախնդրի հետ կապված հարցերով, քանի որ սա տարածաշրջանային խնդիր է: Մինսկի խումբը, որը կազմված է ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, շուրջ քսան տարի զբաղվում է այս հարցով, որում Հայաստանին մեծ կարևորություն է տրվում և մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք:

Հարց. Եթե խոսենք դեպի Հայաստան ներգաղթի մասին, կասեք ըստ ձեզ ինչու չկան այն սպասված ցուցանիշները, որոնք կանխատեսվում էին հեղափոխության օրերին:
Հ. Սասունյան. Պետք է իրատես լինել: Հայտարարությունները, որոնք Հայաստանի ղեկավարությունն անում է, տարիներ հետո կոնկրետ քանակով սփյուռքահայերի՝ Հայաստան ներգաղթելու հետ կապված, իրատեսական չեն և չեն կարող լինել այն պարզ պատճառով, որ եթե պետությունը նման նպատակ ունի, նախ պետք է հատուկ ծրագիր մշակի և քայլեր իրականացնի այն իրագործելու համար: Եթե այդ քայլերը չկան, ապա չի կարող լինել սպասված արդյունք: Դիտարկենք պարզ օրինակով, եթե մեկ միլիոն սփյուռքահայ վաղը վերադառնա Հայաստան, հասնելով օդանավակայան որտեղ պետք է գնան այդ մարդիկ, եթե չկա ոչ մի առաջարկ տան կամ աշխատանքի: Հետևաբար եթե այս ամենը չկա, ինչպես կարող են մարդիկ ներգաղթել:
Վերջին տարիներին Սիրիայից եկած հայերը, որոնց թիվը մոտ քսան հազար է, մինչև այսօր դեռ բազում խնդիրներ ունեն, ապրում են մեծ դժվարությամբ, ինչի արդյունքում նրանցից շատերը Հայաստանից մեկնեցին Եվրոպա և ԱՄՆ, որը շատ ցավալի է:

Հարց. Հայաստանի իշխանությունները շատ են ապավինում հայ դիվանագետների դերին տնտեսական համագործակցության ընդլայնման գործընթացներում։ Ըստ ձեզ ի՞նչ քայլեր են իրականացվում ներդրումները խթանելու և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Հ. Սասունյան. Այո, այս մասին Հայաստանի իշխանությունը անընդհատ խոսում է և հայտարարում, որ սպասում են մեծ ներդրումների: Սակայն այստեղ նույնպես բախվում ենք նույն իրականությանը, ինչը որ հայրենադարձության պարագայում էր. պետք է լինեն հստակ մշակված պրոֆեսիոնալ ծրագրեր, այլ ոչ թե միայն կոչեր այն մասին, թե եկեք բիզնես արեք: Բիզնես անելու կոչը հետաքրքիր չէ ոչ սփյուռքահային, և ոչ էլ օտարերկրացուն: Պետք է ներկայացնել պրոֆեսիոնալ կազմված բիզնես ծրագիր և այդ ամենի շուրջ բանակցել արդեն ներդրողների հետ՝ հաշվի առնելով նրանց կարծիքը: Իմ առաջարկն է ստեղծել մեկ պատուհան հատուկ ներդրողների համար, որը կզբաղվի օտարերկրյա ներդրողի բոլոր հարցերով, բոլոր տեսակի փաստաթղթերով և այլ տեխնիկական հարցերով: Այս պարագայում օտար ներդրողը վստահորեն առիթ չի ունենա մտահոգվելու:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԱՄՆ կամ մասնավորապես Կալիֆորնիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը:
Եվ կցանկանայի նաև խոսեիք այս օրերին օտարերկրյա բժիշկների այցի մասին դեպի Հայաստան, բժիշկների խումբ ենք սպասում նաև ԱՄՆ-ից ամեն դեպքում հնչել է կոչ, որ կամավոր բժիշկներ այցելեն Հայաստան նաև Լոս Անջելեսից, ինչպես եք այս ծրագիրը գնահատում:
Հ. Սասունյան. ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները բավականին լավն են, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը փոքր երկիր է, չունի մեծ ռեսուրսներ և չկան համատեղ շատ ծրագրեր ու շահեր: ԱՄՆ կառավարությունը և Կոնգրեսը նշանակալիորեն ավելի քիչ կմտածեին Հայաստանի մասին, եթե չլիներ Ամերիկահայ մեծ համայնքը, որը բավականաչափ ակտիվ է ամերիկյան քաղաքականության մեջ: Ունենք Հայ Դատի հանձնախումբ Վաշինգտոնում և այլ կազմակերպություններ, հետևաբար Ամերիկայի կոնգրեսի շատ անդամներ և ԱՄՆ կառավարության բարձրաստիճան անձինք հաճախ զբաղվում են հայկական հարցերով: ԱՄՆ-ում մեծ թվով հայեր ունենք, ովքեր այդ հարցերը իրենց մոտ բարձրաձայնում են և լուծումներ պահանջում: Շնորհիվ ԱՄՆ հայկական համայնքի է, որ Հայաստանն արժանանում է ԱՄՆ կառավարության ուշադրությանը:
Ինչ վերաբերվում է օտարերկրյա բժիշկների այցին, սա ինձ համար փոքր ինչ անհասկանալի է: Ի վերջո Հայաստանն ունի բարձրակարգ բժիշկներ, որոնցից շատերի հետ անձամբ ծանոթ եմ իմ գործունեության բնույթից ելնելով: Իմ կարծիքով, Հայաստանը բժիշկների կարիք չունի և մեր բժիշկները բավարար են պանդեմիայի դեմ պայքարելու համար: Անշուշտ, մենք դեմ չենք, որ բժիշկները գան և իրենց փորձը փոխանցեն, սակայն առավել կարևոր է ռեսուրսները կենտրոնացնել հատուկ բժշկական սարքավորումներ և դեղորայք ձեռք բերելու համար: Խոսելով այս թեմայի շուրջ՝ կցանկանայի անդրադառնալ այն հարցին, որ հաշվետվություններ ներկայացվեն վերջին ամիսներին պանդեմիայի դեմ պայքարի համար ստեղծված հատուկ հիմնադրամի գումարների մուտքերի և ծախսերի վերաբերյալ, քանի որ հանրությունը պետք է իմանա, թե որքան գումար է ծախսվել, ինչի համար և որքան է մնացել:
Հարց. Թերևս վերջին հարցն ուղղեմ այն թեմայի հետ կաված, որը կարելի է ասել երազանք է բոլոր հայերի համար: Նկարագրեք խնդրում եմ, ինչ գործընթացներ են ընթանում (ՀՍԽ) Հայկական սփյուռքի խորհրդարան ունենալու ուղղությամբ և ինչ գործառույթներ է այն իրականացնելու:
Հ. Սասունյան. Մենք երկու պետություն ունենք՝ մեկը Հայաստանի Հանրապետությունն է, մյուսը Արցախի Հանրապետությունը: Այս երկու պետություններն ունեն կազմակերպված կառավարություն, նախարարներ, Ազգային ժողով և այլ կառույցներ: Այս երկու պետությունները լավ կամ վատ աշխատում են և փորձում հոգալ մեր ժողովրդի հոգսերը, սակայն այս երկու պետությունների սահմաններց դուրս մենք յոթ միլիոն հայություն ունենք աշխարհով մեկ սփռված, ավելի քան հարյուր երկրներում: Որոշ երկրների սփյուռքահայ համայնքներ ունեն կազմակերպություններ, որոնց ժողովրդի մի փոքր մաս անդամակցում են, սակայն ժողովրդի մեծ մասը որևէ կազմակերպության անդամ չեն և առանձին ապրում են կապ չունենալով ոչ համայնքի, և ոչ էլ Հայաստանի հետ: Նույնիսկ կան հայեր, ովքեր այնքան հեռու են հայկական հարցերից, որ զարմանալիորեն անգամ տեղյակ չեն, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն: Որևէ մեկը չի փորձել այս մարդկանց մոտեցնել Հայաստանին և մասնակից դարձնել Հայաստանին վերաբերող հարցերին կամ առաջարկել դառնալ երկքաղաքացի: Մեր ծրագիրն այն է, որ ստեղծել ենք HyeID կազմակերպությունը, որը կոչվում է հայկական ինքնություն: Այս կազմակերպությունը ներգրավելու է անդամակիցներ սփյուռքի միլիոնավոր հայերից և տրամադրելու է քարտեր: HyeID քարտերով սփյուռքահայ անդամակիցները հնարավորություն են ունենալու ոչ միայն տարբեր բիզնեսներում հատուկ զեղչեր և անակնկալներ ունենալ, այլև ապագայում մասնակցել Սփյուռքի խորհրդարանի ընտրություններին և նույնիսկ առաջադրվել այդ ընտրություններում որպես պատգամավոր:
Այս խորհրդարանը, որը մենք երբևէ չենք ունեցել, պատմության մեջ առաջին անգամ կհամախմբի Սփյուռքի ողջ հայությանը և իսկապես կներկայացնի Հայկական Սփյուռքը: Այս ծրագրի միջոցով ողջ սփյուռքահայ ժողովուրդը դեմոկրատ ձևով կկարողանա ընտրել իր ցանկալի պատգամավորին, ով կներկայացնի տվյալ համայնքի ներկայացուցիչներին, և ոչ թե ամեն մարդ իր տեղում կասի ես եմ այս համայնքի ղեկավարը կամ որևէ համայնք ղեկավար չունի, քանի որ որևէ մեկը ղեկավար չի ընտրել քվեարկության միջոցով:
Հայաստանն արդեն երեսուն տարի է անկախ է, և այս ընթացքում որևէ համահայկական հարցի շուրջ Սփյուռքի ընդհանրական կարծիքը հնարավոր չի եղել ներկայացնել Հայստանի կառավարությունը, քանի որ չի եղել մեկ ընդհանուր կառույց, որին կարելի էր դիմել նման հարցով: Ունենալով ընտրված պատգամավորներ, ովքեր ներկայացնում են Սփյուռքի համայնքները, այս հարցն արդեն լուծված կլինի. ահա սա է մեր նպատակը:
Ամփոփեմ հաճելի ձևով, եթե այսօր ՀՀ Վարչապետը ցանկանա զանգել Սփյուռքին, ի՞նչ համար պետք է հավաքի, որպեսզի կարողանա զանգել: Այդպիսի համար գոյություն չունի կամ կան միլիոնավոր համարներ, բայց չկա մեկը, և ահա մենք փորձում ենք ստեղծել այդ մեկ համարը:

Հարցազրույցը՝ Էդգար Այվազյանի