Search
Close this search box.

Փաշինյանը բնօրինակ է, որն ինքն իրեն կեղծում է

Փաշինյանի բախտն այնքանով է բերել, որ այսօր իր նման ընդդիմադիր չունի: Պատկերացնո՞ւմ եք, ներկա Փաշինյանի դիմաց կանգնած լիներ նախկին Փաշինյանը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթեր: Եթե նախկին Փաշինյանի շրջանառության մեջ դրած հայտարարագրերը, պարզվում է, մեղմ ասած` այնքան էլ իրականությանը չէին համապատասխանում, ապա այսօր չարչրկվելու կարիք չկա, ուղղակի կասեր ճշմարտությունը, և դա լիովին բավարար կլիներ իրականության դիմապատկերը ստանալու համար: Բայց որքան էլ բարի լինի մեր ցանկությունը, իսկ երևակայությունը՝ վառվռուն, այսօր կրկնակ Փաշինյան չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ Փաշինյանը բնօրինակ է, սակայն այն բնօրինակը, որ ինքն իրեն է կեղծում` առանց վարպետ վրձնի կրկնօրինակող միջամտության:

Իշխանությունը հետևողականորեն մեղադրում է ժողովրդին համաճարակի տարածման, իրավիճակի բարդացման ու անելանելիության համար, որ ամեն ինչ պետք է քաղաքացին անի, որպեսզի սանձվի, գոնե համաճարակի կորն իջնի: Եթե ամեն բան պարտավոր է հասարակությունն անել, իսկ իշխանությո՞ւնն ինչ պիտի անի: Եթե ժողովուրդն է իշխանությունը, բարեփոխումների իրականացնողը, տնտեսություն զարգացնողը, այդ դեպքում դո՞ւք ով եք, ձե՞զ ինչի համար ենք ընտրել:

Մարտի կեսից ապրիլի կեսը մարդիկ ամեն ինչ արեցին, պարզապես տնից դուրս չեկան, բայց չկանխվեց համաճարակը: Հասարակությունն արեց այն, ինչ պարտավոր էր անել` գործազրկության և այլ զրկանքների գնով, իշխանությունն էր, որ համապատասխան գործիքակազմ չկիրառեց: Եվ սովորական է դարձել օրական միջին հաշվով հինգ հարյուր նոր վարակակրի և տասը մահվան դեպքի մասին տեղեկատվություն լսելը: Մարդիկ հարմարվել են և վարակի հետ ապրում են հանգիստ, գրեթե խաղաղ, անկախ այն բանից՝ արտակա՞րգ, թե՞ սովորական դրություն կլինի երկրում:

Արտակարգ դրությունը հանվի թե մնա՝ դարձյալ մարդիկ ապրելու են այնպես, ինչպես ապրել են վերջին երեք ամսում: Նորից դիմակ են կրելու և ձեռքերն են ախտահանելու, դարձյալ ռեստորաններում խնջուքներ են կազմակերպելու, հուղարկավորություններին մահացածի հարազատներն ու մտերիմներն են հավաքվելու` ինչպես որ է: Պարզապես բողոքի հավաքներ կարող են լինել, ինչպես հիմա են ինքնաբուխ լինում: Կհամարվեն թույլատրելի և բերման ենթարկելը՝ ոչ օրինական: Այստեղ է, որ Շեքսպիրի հերոսը կհարցներ` հանե՞լ, թե՞ չհանել արտակարգը: Առայժմ չհանել, քանի որ արտակարգ ձեռնտու է իշխող քաղաքական մեծամասնությանը:

Արտակարգ դրությունը գործելու արտակարգ հնարավորություն ու պայմաններ է ստեղծում իշխանության համար, ոչ թե՝ հասարակության: Երբ սահմանափակվում են քաղաքացիների իրավունքները, շրջված ավազի ժամացույցի օրինաչափությամբ մեծանում են կառավարողների հնարավորությունները: Հասարակությունը տեղավորվում է որոշակի պարտադրված շրջանակի մեջ, իսկ իշխանությունը դուրս է գալիս իր շրջանակից: Բնականաբար, հասարակությունը պետք է դժգոհի հնարավորությունների սահմանափակումներից, իսկ իշխանությունը՝ օգտագործի ընձեռված անզուսպ հնարավորությունները: Սա ժողովրդավարության տապալում է ոչ թե՝ արդարացի լինելու, այլ՝ արդարանալու միջոցով. համաճարակ է:

Մեր իշխանությունը լավագույնս կարողացավ օգտագործել, սեփական հավակնություններին ծառայեցնել համաճարակը: Եթե նախկինում այդ հավակնությունների իրականացումը ցցուն կերպով էր երևալու, հիմա այդ ցցունության կանխումն անձեռնհաս է դառնում: Կնճռոտ ու վիճահարուց խնդիրները կարելի է լուծել ինքնաբավ կերպով, քանի որ վիճարկողները զրկված են իրենց ազատ տեղաշարժվելու և արտահայտվելու իրավունքից: Սա ժողովրդավարական երկրում իշխանության և իրավունքի չարաշահում է` հանրության կողմից զսպման մեխանիզմի բացասում: Առանց զգուշավորության և հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու՝ անարգել գործունեություն:

Այս ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից (որտեղ բացարձակ մեծամասնություն է իշխող քաղաքական կուսակցությունը, որ ուզենա՝ մածունին սև, ուզենա՝ սպիտակ կքվեարկի) ընդունած որոշումները չէին կարող անարձագանք անցնել հասարակության կողմից ժողովրդավարության պայմաններում: Գոնե գույքահարկի մասին օրենքը, որ սոցիալական ոլորտ է շոշափում, մարդկանց դժգոհությունը տնից փողոց էր դուրս բերելու: Սա նշանակում է՝ սղացնել, ջուրը պղտորել և ձուկ բռնել, ժողովրդին «քցել» ժողորդավարության պայմաններում` նախապես այն աքցանի մեջ սեղմելով:

«Ոստիկանը մերն է» կարգախոսը հնչեցնում էինք երկու տարի առաջ, նաև դրանից առաջ` Էլեկտրիկ-Երևանի ժամանակ, և իսկապես համոզվեցինք, որ ոստիկանը մերն է: Երբևէ եղած ջրբաժանը, խորշանքը ոստիկանի և քաղաքացու միջև վերջնականապես հարթվեց երկու տարի առաջ` մեկ ընդգծված բացառությամբ, որ ապրիլի 22-ին Փաշինյանին բերման ենթարկեցին և հաջորդ օրն ազատ արձակեցին: Հիմա ոստիկանը դարձել է խաղաղ քաղաքացու թևերը ոլորող և բերման ենթարկող պատժամիջոց:

Օր օրի հրաժարվում ենք «Ոստիկանը մերն է» կարգախոսից, և ոստիկանի ու քաղաքացու միջև սկսվում է ջրբաժան, որն արագ վերափոխվելու է խորշանքի: Եվ սրա խմորողն ու նախաձեռնողն իշխանությունն է, քանի որ հրաշալի միջոց է վաղվա հանրահավաքը անկաշկանդ ցրելու համար, երբ մի օր, ի վերջո, արտակարգ դրությունը կհանվի, և իշխանությունն այդ միջոցի կարիքը կզգա` ինքնապաշտպանական բնազդով: Ոստիկանի և քաղաքացու միջև առաջանում է լարվածություն, և դյուրին ու անխուսափելի է դառնում բախումը: Արտակարգ դրության պայմաններում իշխանությունն այդպես իր պաշտպանական օղակներն է ձևավորում արտակարգ դրությունից հետո կիրառելու վճռականությամբ:

Առաջիկա մեկ ամսում իշխանությունը պետք է կարողանա իր դիրքերը բավարար ամրացնել` ցանկացած սպառնալիք ու վտանգ չեզոքացնելու համոզվածությամբ: Այդ վստահության դեպքում միայն արտակարգ դրությունը կհանվի, հակառակ պարագայում կերկարաձգվի ևս մեկ ամիս, հետո էլի մեկ ամիս` մինչև վստահության լիարժեք երաշխիք ունենալը, որ անվտանգ են: Իսկ մինչ այդ շարունակվելու է ընդդիմադիր գործիչների վրա քրեական գործեր հարուցելն ու այդ միջոցով ցանկալի արդյունք ստանալը` լռեցնելու, չեզոքացնելու բոլոր հնարավոր հնարներով:

Հուսիկ Արա