Search
Close this search box.

Հորդորեք նրան, որ հանկարծ չարտասվի, ասեք, իր որդին հերոսի նման կռիվ է տվել. Գարուշ Համբարձումյանի վերջին նամակը

Սոցկայքում տարածվում է մի նամակը, որը տարածողների պնդմամբ, գրվել է օրեր առաջ Հայաստանի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած Գարուշ Համբարձումյանը.

«Եթե ես զոհվեմ, հիշեցրեք մորս, որ ես պատերազմ էի գնացել, կռվում էի գիտակցելով` ում հետ ու ինչի համար, թող իր Աստծուց չխռովի ու չանիծի թշնամու մոր արգանդը:

Բացատրեք նրան, որ պատերազմը բակի կռիվ չէ տղաների հետ, որ իրար մի լավ ծեծեինք ու ողջ մնայինք:

Մխիթարեք նրան, որ ես զոհվելուց առաջ հասցրել եմ զոհեր տալ, և որ նա աշխարհի միակ մայրը չէ, ում գունավոր գլխաշորը սևով է փոխարինվելու, բայց նաև ասեք, որ իր ճերմակ վարսերին մայր մտնող արևի գույնն է վայելուչ:

Հորդորեք նրան, որ հանկարծ չարտասվի, ասեք, իր որդին հերոսի նման կռիվ է տվել ու թե համոզվի, ասեք, որ հասցրել եմ ընկնելու պահին նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքներով չլվանա:

Շշնջացեք նրա ականջին, որ ես ցավում եմ իրեն հրաժեշտ չտալու համար և ներում խնդրեք իմ փոխարեն, որ այսուհետ ոչ թե ես իրեն, այլ ինքն է ինձ ծաղիկներ նվիրելու: Նրան փոխանցեք վերջին նվերս` թող գլխաշորին ամրացնի, աշխարհին ցույց տա որ հերոս ունի:

Եվ ի սեր Աստծո, եթե ես զոհվեմ, ինձ մոտ մի եկեք հարգանքի համար, մեր տուն գնացեք, մորս հետ խոսեք, թող իմ կարոտը ձեզանից առնի, թե հյուրասիրի բալի մուրաբա, մի հրաժարվեք, մեծ կին է մայրս, չթողնեք նեղվի:

Ասացեք մորս, որ էլ չեմ գալու, օրեր հաշվելիս` բարակ մատները իզուր չծալի:

Իսկ հորս…

Հորս փոխանցեք միայն քնելուց առաջ մորս ոտքերին մի տաք շալ գցի, մորս ոտքերը հանկարծ չսառչի…

Գարուշ Համբարձումյան»: