Search
Close this search box.

Իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին. օր 4-րդ

Հուլիսի 12-ից հետո հայ-ադրբեջանական սահմանում հարաբերական հանգիստ է. այսպիսով ինչ իրավիճակ է եղել երեկ: Հուլիսի 14-ից` ժամը 18:00-ից սկսած լարվածության աստիճանական նվազում է նկատվել, մոտ կեսգիշերից (ժ. 00:15) կրակի գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել՝ չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր՝ հրետանային միջոցներ և այլն, մինչ այդ որոշակի ակտիվություն եղել է:

Արցախյան հատվածում իրավիճակը հանգիստ է եղել: ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ը խոցել է ևս երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում: Ընդհանուր խոցվել է հակառակորդի շուրջ 10 միավոր ԱԹՍ:

Հակառակորդի հաստատված զոհերի թիվը 12 է, սակայն այն, ամենայն հավանականությամբ, վերջնական չէ:

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ից սկսած մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է շուրջ 20 վիրավոր, որոնցից ներկա պահին բուժում են ստանում 10 զինծառայող։ 10 զինծառայողից 4-ի վիճակը թեթև է, 5-ի վիճակը՝ միջինից ծանր, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր։

Մարտական գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈւ-ն խոցել է հակառակորդի շուրջ 10 միավոր տարբեր նշանակությունների ԱԹՍ, զրահատեխնիկա։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հրապարակել էր կադրեր, որտեղ երևում էր հակառակորդի զրահատեխնիկայի խոցումը:

Ադրբեջանական ԶՈՒ այս օրերին կիրառել են իրենց տրամադրության տակ առկա գրեթե բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը (գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն), տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122մմ և ավելի մեծ տրամաչափի։ Հարվածային դրոններից առաջին անգամ գործողություններում կիրառել են SkyStriker տեսակի ԱԹՍ-ն։