Search
Close this search box.

«Ադրբեջանում գիշերը տեղի ունեցածի մասին»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, երեկ ուշ երեկոյից Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Մայրաքաղաք Բաքվում ցուցարարների թիվը, որոնց միացել էի շրջակա քաղաքներից ժամանածները, կեսգիշերն անց հասել էր մի քանի տասնյակ հազարի (10-20 հազար)։ Այս իրադարձությունը ոչ միայն աննախադեպ էր իր մասշտաբներով, այլև այն հանգամանքով, որ ցուցարարները ինչ-որ պահի ներխուժեցին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։
Լուսադեմին ցույցը ցրվեց։ Քանի որ տեղեկատվության օբյեկտիվ սահմանափակումներ կան, ապա առկա տվյալների հիման վրա կանեմ մի քանի զգուշավոր ենթադրություններ։

— Ի սկզբանե ցուցարարները հանդես էին գալիս հակահայկական և ռազմատենչ կարգախոսներով՝ ի սատարումն բանակի։ Դժվար է չհավատալ, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակն է եղել ցույցի հիմնական գրգռիչը։

— Ցույցը չուներ ընդգծված առաջնորդներ, սակայն ակնհայտ էր, որ ինչ-որ պահից ցուցարարների որոշ խմբեր սկսեցին ներկայացնել իրենց «օրակարգը», որը որոշակիորեն տարբերվում էր վերևում նկարագրածից (թեև դարձյալ նույն գծի մեջ էր)։

— Ցուցարարների հիմնական կարգախոսներն էին՝ «Ավարտե՛ք կարանտինը, սկսե՛ք պատերազմը», «Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ», «Մուբարիզ», «Խփե՛ք Խանքենդիին», «Եթե գնանք այս գիշեր տուն, վաղը մեզ չեն թողնի նորից հավաքվել», «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին», «Վե՛ր կաց, ադրբեջանցի զինվոր, անցի՛ր սահմանը», «Պատերազմ» և այլն։

— Գիշերը 2-ի շրջակայքում ոստիկանությունն ու իշխանությունները կոչ արեցին ցուցարարներին ցրվել։ Մինչ այդ ոստիկանությունը որևէ կերպ չէր միջամտում ցույցին՝ չնայած դրա անօրինականությանն ու կարանտինային պայմաններին։ Ակնհայտ էր, որ ցույցն անցնում էր իշխանությունների թողտվությամբ (եթե ոչ նաև մասնակի կազմակերպությամբ)։

— Չենթարկվելով իշխանությունների պահանջներին՝ հավաքը աստիճանաբար սկսեց վերաճել բողոքի ցույցի, որի մեջ կային թե՛ կրոնական, թե՛ ազգայնամոլական և թե՛ սոցիալական կարգախոսներ։

— Երբ մի ոստիկան փորձում էր հանգստացնել ցուցարարներին, հայտարարեց, որ «Հեյդար Ալիևի ոգին հետևում է մեզ» և «որ մենք (Ադրբեջանը) սպանել է 200 հայի»։ Ի պատասխան ցուցարարները սկսեցին գոռալ՝ «սուտասաններ»։ Դրան հաջորդեցին ցուցարարների կողմից հրաժարականի պահանջներ (այդ թվում նաև այլ քաղաքներում), որոնց մեծ մասն ուղղված էր «դավաճան գեներալներին, որոնց պետք էր կախաղան հանել», իսկ ցանցում հայտնվեցին «#occupymilliməclis» հեշթեգով գրառումներ։ Ակնհայտ դարձավ, որ ցուցարարները նախատեսում են գրավել Միլլի Մեջլիսի շենքը, ինչը կատարվեց որոշ ժամանակ անց, թեև ոստիկանությունը արագ հեռացրեց վերջիններիս։

— Դրանից հետո ոստիկանությունը սկսեց կիրառել արցունքաբեր գազ, ջրցաններ և այլ միջոցներ, ինչի արդյունքում լուսադեմին՝ ժամը 5-ի մոտակայքում ցուցարարները ցրվեցին։ 
Հետաքրքիր է, որ ոստիկանության գործողություններին ի պատասխան ցուցարարները սկսեցին վանկարկել «Մենք հայեր չենք», «Ամոթ Ադրբեջանի ոստիկանությանը», «Դուք եք իսկական հայեր, մենք այժմ երկու պետության դեմ ենք կռվում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու իշխանությունների ներկայացրած «պետությունը»։ Հետաքրքիր էր նաև հետևյալ կոչը. «Հայերը ոտքի կանգնեցին և նրանց ոստիկանությունը միացավ իրենց, իսկ դուք մեզ ծեծում եք»։ Արդյունքում կան ձերբակալվածներ։
— Կարևոր է նաև ցույցերի կրոնական բաղադրիչը. շատ վայրերում այն ուղեկցվում է «Ալլահ Ակբար», «Աստված ու Ահլ-ուլ Բեյթը մեզ հետ է այս պատերազմում» և այլ կարգախոսներով։

Այսօր սպասվում են նոր ցույց, որը կսկսվի երեկ ոչնչացված գեներալի թաղման արարողության ժամանակ։ Երեկվանից գնում է այդ գեներալի հերոսացում, որի մեջ ևս առկա են սոցիալական արդարության պահանջի տարրեր՝ «մաքուր ու ռոճիկով ապրող գեներել» ընդդեմ «հղփացածների»։ Կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան գիշերվա սցենարը. ցուցարարները չպետք է շեղվեն հակահայկական օրակարգից։
Ինչպես և Հայաստանում՝ Ադրբեջանում քաղաքական լեգիտիմության հիմքը Ղարաբաղն է, ուստի այս ամենին պետք է լուրջ վերաբերվել։ Ավելին՝ այնտեղ հակահայկականությունը հասցված է ֆանտաստիկ մասշտաբների, էնպես որ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։
Այլ մտքեր ևս կան, բայց դրանք բարձրաձայնելու համար վաղ է, քանի որ մոտ է սպեկուլյացիաների ժանրին»։