Search
Close this search box.

Լիսկայի գործը կոծկած Սյունիքի նախկին դատախազը՝ Գլխավոր դատախազի տեղակալ

Հուլիսի 13-ին ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին։

Աֆանդյանը, հիշեցնենք, նախկինում ևս զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ։ Եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը: 2019թ. սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: Սակայն Աֆանդյանը հանրության հիշողության մեջ մնացել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Բուդաղյանների սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ։ Արմեն Աֆանդյանը Սյունիքի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից։

Հիշեցեննք, որ 2013 թվականի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ

Նիկողոսյանին մեղադրանք առաջադրվեց Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու

համար: Սակայն շատ կարճ ժամանակ անց քննչական մարմիններին հաջողվեց «հիմնավորել», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի

գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի

հիման վրա, ինչպես նաև նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային պատճառաբանություններից հետո նրանք ազատվեցին քրեական հետապնդումից։ Փոխարենը սպանված Ավետիք Բուդաղյանի զինվորական եղբորը՝ Արտակ Բուդաղյանին, մեղադրեցին տեղի ունեցածի մեջ:

Այս դեպքից հետո, սակայն, Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների կողմից հանցագործությունների դեպքերը չնվազեցին, այլ հակառակը։ Դրանից որոշ ժամանակ անց Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, ծեծի էր ենթարկել և առևանգել 2 հոգու: Այս պատմությունը, սակայն, ևս մնաց անհետևանք: Դրանից մի քանի շաբաթ անց ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, մայիսի 25-ին, ժամը 23։00-ին, Սյունիքի փողոցի թիվ 169 տան մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հարությունյաններին։ Բայց այս դեպքում ևս Սուրիկ Խաչատրյանի հարազատներից տուժած անձինք հերքեցին ծեծի մասին անգամ ոստիկանական պնդումները՝ դրանով կանխելով Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների պատասխանատվությունը։ Այս ամենից հետո այդ ժամանակ Սյունիքի մարզի դատախազ Արմեն Աֆանդյանը հայտարարել էր, որ չի կարծում, թե Սուրիկ Խաչատրյանը անպատիժ է մնում։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար բնավ զարմանալի չէ Արմեն Աֆանդյանի նշանակումը: «Այդ կարգի պաշտոնյաների համալրումներով, նրանց բարձր պաշտոնների նշանակելով առավել քան ընդգծվում է, որ Գլխավոր դատախազությունում բան չի փոխվել։ Գլխավոր դատախազությունը ոնց աշխատում էր նախկինում, այնպես էլ շարունակում է աշխատել և որևէ մտադրություն չունի բարեփոխվելու։ Գլխավոր դատախազությունը աշխատում է քաղաքացիների, մարդու դեմ։ Եվ այդ խորհրդային գործելակերպը շարունակվում է։ Դրա համար էլ բոլորովին չեմ զարմանում, որ նման դատախազներին բերում ու բարձր պաշտոնների են նշանակում, համակարգը համալրում են նման դատախազներով։ Չեմ զարմանում, որովհետև այսօրվա դատախազությանը հենց այդ տեսակ մարդիկ են պետք։

Այսօրվա դատախազությունը հենց այդ տեսակ մարդկանց ոճով է աշխատում։ Եթե իրենք համակարգում ոչինչ չեն փոխել, բնական է, որ համակարգը պետք է համալրեն հին կադրերով։ Բա հո նոր կադրերի չեն բերելու դատախազի տեղակալ նշանակեն, որ իրենց խայտառակ գործելակերպը հանկարծ էլ ավելի աչքի ընկնի»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Դատախազությունից պարզաբանել էին, որ նա կենսաթոշակի անցնելու հետ կապված է ազատման դիմում գրել։