Search
Close this search box.

Տարօրինակ հաղորդագրություն Նախիջևանի ուղղությունից. պատասխան տվողը կլինի արդեն Ալիևը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 13-ին տեղեկություն է տարածել այն մասին, թե հայկական ուժերը իբրև թե գնդակոծել են Նախիջևանի դիրքերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ հայտարարությունը ունի բավականին աչալուրջ դիտարկման կարիք, քանի որ այն կարող է լինել ոչ թե զուտ քարոզչական պատերազմի մի քայլ, այլ քարոզչական նախապատրաստում ռազմական որոշակի քայլերի, որոնք կարող են լինել նախիջևանյան կողմից: Բանն այն է, որ այստեղ խնդիրը, անշուշտ, Ադրբեջանը չէ, այլ Թուրքիան: Նախիջևանը վաղուց Ադրբեջան չէ՝ Թուրքիա է, այնտեղ իրավիճակը կառավարում է Թուրքիան: Ըստ այդմ, Նախիջևանի մասին հիշեցումը հիշեցում է Թուրքիայի մասին, կամ Թուրքիան հիշեցնում է իր մասին, ստեղծելով ռազմական որոշակի քայլերի քարոզչական հիմք, քայլերի անհրաժեշտության դեպքում չհապաղելու համար: Թուրքիան անմիջապես արձագանքել էր Տավուշի սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած լարմանը, որ բերել էր ադրբեջանական կողմի ռազմավարական դիրքերի կորստի: Անկարայի արագ արձագանքը վկայեց, որ տեղի ունեցողը գնահատվել է ոչ թե զուտ հայ-ադրբեջանական մասշտաբի հարց, այլ ռեգիոնալ նշանակության խնդիր:

Իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված ջանք է փորձել գործադրել Ռուսաստանը, որի արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հետ: Ի դեպ, ուշադրության է արժանի հանգամանքը, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը մի քանի օր առաջ հայտնվել էր պետական անվտանգության ծառայության՝ Ադրբեջանի ՊԱԾ թիրախում: Այդ ծառայությունը հատուկ գործողություն էր արել ԱԳՆ-ում, ինչի հետևանքով կալանավորվել է այդ նախարարությունում Մամեդյարովի վաղեմի զինակից ու ընկերը, որը զբաղեցնում էր գործերի կառավարչի պաշտոնը: Մամեդյարովը հրաժարական չտվեց, սակայն հարվածը, անշուշտ, բավականին զգայուն էր: Մյուս կողմից ակնառու էր, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանում առկա ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի ֆոնին խորքային բարդությունների պայմաններում: Ռազմա-քաղաքական իրավիճակը Բաքվին մտցրել է փակուղի, որը խորանում է ներքին սոցիալ-տնտեսական և համաճարակային լարվածության ազդեցությամբ: Այդ հանգամանքը ունակ է քայքայելու ցանկացած ամբողջատիրական համակարգ, որը ցանկացած դեպքում կառուցված է լինում այսպես ասած՝ լայն օրերի, ոչ թե նեղ օրերի տրամաբանության վրա: Որևէ նեղ օր, նեղացող օր կամ տարի սկսում է քայքայել համակարգը: Մամեդյարովի դեմ գրոհը ադրբեջանական համակարգի քայքայման դրսևորում էր: Եվ դրա վկայություն է նաև այն, որ Մամեդյարովը փաստորեն կարողացավ պահել գրոհը, չտալ հրաժարական: Դա նշանակում է, որ նա ուներ ազդեցիկ իշխանական աջակցություն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ թևն ունի արտաքին ազդեցիկ աջակցություն:

Եթե հաշվի առնենք այն, որ Մամեդյարովի գործունեությունը բավականին նորբ, բայց նկատելի ձևով խրախուսում են Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում՝ Ռուսաստանը, նրան դիտարկելով Ադրբեջանում արցախյան գործընթացի հանդեպ քաղաքական կարգավորման փիլիսոփայության կրող հենասյուներից մեկը, քանի որ համանախագահներին դա պետք է իրավիճակի քաղաքական կառավարումը շարունակելու համար, հնարավոր է ասել, որ նրանք էլ պահել են Մամեդյարովին: Թերևս, դրա համար էր Ալիևը մի քանի օր առաջ դժգոհում համանախագահների անգործությունից: Խոշոր հաշվով, դա, իհարկե, Ալիևի պարտությունը չէ: Ալիևն Ադրբեջանում, թերևս, վաղուց այլևս որոշիչ գործոն չէ: Մամեդյարովին «պահելը» իր պարտություն է համարում Թուրքիան, առավել ևս, երբ հայտնի է Անկարայի տարիների հավակնությունը՝ որևէ կերպ դառնալ արցախյան հարցում միջնորդական ձևաչափի, կարգավորման գործընթացի մասնակից:

Թուրքիան լավ է պատկերացնում, որ այդ ձևաչափը մշտապես եղել է և առավել ևս ներկայիս աշխարհակարգային վերափոխման փուլում դառնալու է առանցքային աշխարհաքաղաքական հարթակ: Անկարան դուրս է մնում դրանից, միաժամանակ չունի այնպիսի ազդեցություն, որը թույլ կտա լինելով դուրս, այդուհանդերձ, ունենալ որոշակի դեր: Այդ ազդեցության միակ միջոցը մնացել է Ադրբեջանի իշխանությունում թուրքական ազդեցության ենթակա թևը, որը ակնհայտորեն ռազմատենչ թևն է: Այդ թևի ծավալման առավելագույն հարմար տիրույթը Նախիջևանն է, որտեղ կա նաև թուրքական ռազմական ներկայություն: Բացառված չէ, որ Տավուշում ստացած ուժգին ապտակը այդ թևը փորձի փոխհատուցել Նախիջևանում, Բաքվում պատասխանատվությունից խուսափելու համար: Ալիևի համար ամբողջ հարցն այն է, որ Նախիջևանի ուղղությամբ էլ ապտակ ստանալու դեպքում պատասխանատվությունն արդեն կլինի ոչ թե ռազմատենչ թևինը, այլ նախիջևանյան իշխող կլանինն ընդհանրապես՝ իր գլխավորությամբ:
1in.am