Search
Close this search box.

Միացողներ շատ կլինեն, դուք միայն սկսեք

Երբեք չեմ հասկացել նրանց, ովքեր պատերազմական գործողությունների ժամանակ սկսում են բարոյախրատական ճառեր կարդալ, թե «պետք է միավորվել», «ընդդիմություն չպետք է լինի» «մեկ բռունցք պետք է լինենք», «իշխանություններին չպետք է քննադատենք» և այլն: Միանշանակ գեղեցիկ բառեր են: Խնդիրն այլ է:

Ու՞մ են դրանք ուղղված: Փորձը ցույց է տալիս, որ այդօրինակ բառերը միշտ ընդդիմությանն են ուղղված: Բացի այդ, վստահեցնում եմ, որ նմանօրինակ կոչերով միշտ հանդես է գալիս հասարակության իշխանամետ հատվածը: Ի դեպ, այդ հատվածն իշխանամետ է բոլոր իշխանությունների օրոք: Այժմ այն կրկին ակտիվացել է:

Հիմա, դիմում եմ նրանց, ովքեր այս օրերին միասնության կոչ են անում: Համաձայն եմ, եկեք միասին լինենք: Եկեք այս օրերին չտուգանենք քաղաքացիներին, հրաժարվենք պարգևավճարներից և դրանք ուղղենք Հայրենիքի պաշտպանությանը, վարկային արձակուրդ հայտարարենք, հրաժարվենք արտակարգ դրության ռեժիմից, այս ժամանակահատվածում ձեռնպահ մնանք հանրային հնչեղություն ունեցող դատավարություններից, բացառենք քաղաքական հալածանքները և այսպես շարունակ: Հիմա էլ կասեք, որ միայն իշխանությանն ուղղված բառեր ասացի:

Է հա, բա ու՞մ ասեմ: Իշխանությունը հենց հասարակությանը համախմբելու համար է: Իրենից պետք սկսվի: Այլ ճանապարհ չկա: Սկսեք: Միացողներ շատ կլինեն: Դուք միայն սկսեք:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից