Search
Close this search box.

Կրակոց նախկին գործընկերոջ գլխին

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում՝ Մհեր Արղամանյան, Անդրանիկ Մնացականյան, Ալեքսանդր Ազարյան կազմով, քննվում է պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը Արմեն Կախյանի գործով:

Նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» դատարանը գրություն է ստացել, համաձայն որի՝ ամբաստանյալ Արմեն Կախյանը, որ մեկուկես ամիս առաջ ենթարկվել է սրտի վիրահատության՝ ստենդավորման, ներկայումս մի քանի ախտորոշմամբ ծանր առողջական վիճակում է և չի կարող մասնակցել դատական նիստին:

Դատական նիստին չէին ներկայացել նաև տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը՝ հանրային պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև մեղադրող դատախազը, որը, ըստ դատարան ուղարկված գրության՝ գտնվում է հերթական արձակուրդում:

Նիստին ներկայացել էին ամբաստանյալի շահերի պաշտպաններ, փաստաբաններ Ռ. Հակոբյանն ու Ա. Կարապետյանը:

Պաշտպանները նշեցին, որ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու, անազատության հետ չկապված այլ խափանման միջոց, մասնավորապես ՝ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ունեն, որը ցանկանում են ներկայացնել հենց այս նիստին՝ նկատի ունենալով Արմեն Կախյանի առողջական վիճակը:

Դատարանը անցավ պաշտպանների միջնորդության ունկնդրմանը:

Հիշեցնենք, որ դեպքի պահին Արմեն Կախյանը 42 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և ՀՀ պետական սահմանը անօրինական հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով:

2016 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ Արմեն Կախյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Հետախուզման մեջ գտնվող Արմեն Կախյանը 2016 թվականի հունիսի լույս 26-ի գիշերը, ժամը 00:19-ին հայտնաբերվել էր Բագրատաշենի սահմանային անցակետում, նույն օրը բերման էր ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:

Արմեն Կախյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «նա ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ակոսափող տեսակի ատրճանակով 2016 թվականի փետրվարի 22-ին, ժամը 1-ի սահմաններում Լոռու մարզի Վահագնի գյուղի 1-ին փողոցում ՌԴ-ում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա վիճաբանել է համագյուղացի Նվեր Ք.-ի հետ, որի ժամանակ սպանելու դիտավորությամբ 1 անգամ կրակել է տուժողի գլխին և կյանքից զրկել է նրան:

Բացի այդ, Արմեն Կախյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2016 թվականի փետրվարի 22-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում չպարզված վայրով, առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ սահմանը, ինչից հետո 2016 թվականի հունիսի 25-ին հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետությունում»:

Քրեական գործը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել և վարույթ էր ընդունվել 2016 թվականի օգոստոսին:

Գործը դատական քննության էր նշանակվել 2017 թվականի մարտին: Գործի դատական քննությունը տևել է համարյա… 3 տարի:

Առաջադրված մեղադրանքում Արմեն Կախյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և և հայտնել է, որ տուժող Նվեր Ք.-ի հետ մանկությունից եղել են լավ ընկերներ: Ինքն իր միջոցներով ՌԴ-ում հիմնադրել է փայտամշակման արտադրամաս, Նվերին և մի քանի տղաների տարել է իր արտադրամասում աշխատելու:

Համատեղ աշխատելու ընթացքում իրենց միջև եղել են տարաձայնություններ:

Ինքը Նվերի արարքներից նեղված՝ վերադարձել է Հայաստան: Որոշ ժամանակ անց իր ընկերներից մեկն ասել է. «Էս ինչե՞ր ես անում… Իմացել ես, որ քո ընտանիքի հետ կապված դեպքը լինելու է, Նվերի ու Կորյունի հետ գնացել ես Վրաստան»:

Ընկերը նկատի ուներ, որ իր ընտանիքի 7 անդամներին իրենց բնակարանում սպանելու օրը ինքը Նվերի և Կորյունի հետ գտնվել է Վրաստանում: Ինքը պարզել է, որ Նվերն է այդպիսի բաներ ասել, զանգել է նրան, հարցրել է, թե ինչու է նման բան ասել:

Նա պատասխանել է, որ այդպես է ենթադրել:

Ինքը Նվերին ասել է. «Թքեմ քո վրա, որ ընկերություն ենք արել, ու դու տենց բան ես մտածել իմ վրա»: Հետո նրա հետ չի շփվել, նրան այլևս չի հանդիպել, իսկ Նվերը շատ անգամ է գնացել իր օբյեկտ, խմել ու ջարդել է ամեն ինչ, բայց ինքը ոչինչ չի ասել: Հետո իմացել է, որ Նվերն ուզում է հանդիպել և զրուցել իր հետ` հաշտվելու նպատակով: Իրենք հանդիպել են, բայց ինքը նրա հետ չի հաշտվել, ասել է. «Գնա քո կյանքով ապրի»:

Դեպքի նախորդ օրն ինքը գտնվել է Ռուսաստանում: Կնոջ զանգով շտապ եկել է Հայաստան՝ երեխայի առողջական վիճակի հետ կապված: Առավոտյան երեխային տարել է Դիլիջանի հիվանդանոց: Պարզվել է՝ լուրջ խնդիր չկա:

Նույն օրը ինքը Վանաձոր վերադառնալուց հետո մենակ գնացել է Վահագնի գյուղ՝ իր հարազատների գերեզմաններին այցի: Վահագնի գյուղով անցնելիս Բեգոյի տան դիմաց նկատել է կապույտ «Ֆորդ» ավտոմեքենա: Գերեզմաններից վերադառնալու ճանապարհին նորից տեսել է կապույտ մեքենան, որը շարժվում էր իր ետևից: Երբ հասել են գյուղամեջ, հետևից եկող մեքենան ձայնային ազդանշաններ է տվել, բարձր արագությամբ մեկ աջ, մեկ ձախ է մտել, փորձել է վազանց կատարել ու հայտնվել է իր մեքենայի կողքին: Ինչ-որ առարկայի կոտրվելու ձայն է լսել, ենթադրել է, որ այդ մեքենան հարվածեց կամ իր մեքենային կամ պատին: Իր մարմնով դող է անցել, ինքը նյարդայնացել է, չի հասկացել՝ ինչ է կատարվում, հետո կապույտ մեքենան արագ առաջ է անցել: Երբ մոտեցել է Բեգոյենց տանը, տեսել է, որ Նվերը ճանապարհի մեջտեղով վազելով գալիս է դեպի իր մեքենան: Հասնելով իր մեքենային՝ նա ձեռքերը դրել է «կապոտին», ինքը մեքենան կանգնեցրել է:

Նվերը ուժեղ քաշելով բացել է մեքենայի դուռը և վիրավորական խոսքով հարցրել է՝ ինչո՞ւ ճանապարհ չէր տալիս: Ինքն էլ հակադարձել է վիրավորանքը ու հրել է նրան, նա ընկել է: Ինքը տեսել է, որ Բեգոն էլ իջավ Նվերի մեքենայից: Նվերը դեռ ընկած էր ու չէր կարողանում կանգնել: Նա իր կարծիքով՝ հարբած էր, մի կերպ կանգնել, նորից ընկել է: Երեք անգամ փորձելուց հետո կանգնել ու ասել է. «Էս գերեզմաններ էիր գնացե՞լ, այ …», ու հայհոյել է իր հանգուցյալ հարազատների հասցեին… Շարունակելով հայհոյել՝ նա ավելացրել է. «Դե իմացի, արա, էդ ռուբիլնիկի տեղն էլ ես եմ ասել»: Նկատի ուներ իրենց տան էլեկտրական անջատիչը, որից տան լույսերն անջատել էին իր ընտանիքի անդամներին սպանելուց առաջ…

Դրանից հետո ինքը համարյա ոչինչ չի հիշում: Հիշում է միայն, որ Նվերն ընկած էր, նրա գլխից արյուն էր հոսում: Հիշում է նաև, որ Բեգոն ասում էր. «Վեր կաց, Նվեր»:

Զենքը Նվերի ձեռքին էր, նա զենք էր հանել իր վրա,թե որտեղից՝ ինքը չի հիշում, չի հիշում՝ լիցքավորել է, թե չէ: Ինքը երկու ձեռքով բռնել է Նվերի ձեռքի զենքը, քաշքշուկ է սկսվել, խուլ կրակոցի ձայն է լսել, հետո Նվերն ընկել է:

Ամբաստանյալն ասել է. «Նա իր ձեռքից է խփվել` իմ ձեռքով»:

Հետո ինքը նստել է մեքենա, «իներցիայով» հասել է 3-4 կմ հեռավորության վրա գտնվող՝ իր ընտանիքի անդամների հիշատակին կառուցված հուշաղբյուրի մոտ: Թե ոնց է գնացել, չի հիշում: Աղբյուրի մոտ ուշքի է եկել, լվացվել է, մոտ 2 ժամ մնացել ու ոտքով հեռացել:

Արմեն Կախյանը հայտնել է նաև, որ իր ու Նվեր Ք.-ի ընկերական հարաբերություների վատանալու պատճառ է եղել Ռուսաստանում իրենց միջև առաջացած կոնֆլիկտը, ինչպես նաև այն, որ Նվերը սուտ տեղեկություններ է տարածել, իբր՝ 2000 թվականին իր ընտանիքի 7 անդամների սպանության օրն ինքն իմացել է, որ այդպիսի բան է լինելու, և գնացել է Վրաստան: Այդ մասին իմանալուց հետո ինքը Նվերի հետ չի շփվել մինչև դեպքի օրը:

Արմեն Կախյանը հայտնել է, թե հուշաղբյուրի մոտ ուշքի գալուց հետո իր մեքենայի նստատեղին նկատել է զենքը, բայց տեղյակ չէ, թե ինչպես է այն հայտնվել իր մեքենայում:

Արմեն Կախյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով իրեն մեղավոր չի ճանաչել:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրահանգել է, որ Արմեն Կախյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով հիմնավորված է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով:

Տուժողի իրավահաջորդը՝ կինը, ամբաստանյալից որևէ գույքային, այդ թվում՝ հուղարկավորության ծախսերի հատուցում չի պահանջել, միայն պահանջել է նրա նկատմամբ նշանակել արդարացի խիստ պատիժ:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված չի համարել ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքը, ճանաչել ու հռչակել է Արմեն Կախյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և արդարացրել է նրան:

Արմեն Կախյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով և վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2016 թվականի հունիսի 26-ից:

Արմեն Կախյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Կարապետյանը մեր զրույցում նշել էր, որ առաջին ատյանի դատարանում դատախազը Արմեն Կախյանի համար պահանջել է 9 տարի 6 ամիս ազատազրկում: Դատարանը Կախյանին մեղսագրված երեք հանցավոր արարքներից մեկով՝ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, արդարացրել է Կախյանին, մեղավոր է ճանաչել երկու արարքի համար և միևնույնն է՝ դատախազի միջնորդած պատժից մեկ տարի էլ ավել՝ ակնհայտ խիստ պատիժ է նշանակել՝ 10 տարի 6 ամիս ազատազրկում:

Ըստ պաշտպանական կողմի՝ Արմեն Կախյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական՝ նա գործել է՝ գտնվելով ծանր ու լարված հոգեվիճակում, գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ, ծայրահեղ դեպքում՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:

Դատական այս նիստին պաշտպանները չանդրադարձան բուն վերաքննիչ բողոքին, այլ՝ ներկայացրին միջնորդություն՝ Արմեն Կախյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: