Search
Close this search box.

ԱՄՆ-ը ցանկանում է արգելել TikTok-ի գործածությունը

Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ում մտածում են չինական TikTok հավելվածի արգելափակման մասին: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն իսկապես մտածում է չինական հավելվածների սահմանափակումների մասին, բայց ոչ մի կոնկրետ որոշում դեռ չի կայացրել:

«Դուք կարող եք ներբեռնել TikTok, եթե Ձեզ չի անհանգստացնում, որ Ձեր անձնական տվյալները կհայտնվեն Չինաստանի Կոմունիստական կուսակցության ձեռքում», — եզրափակել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը արգելափակել է չինական 59 բջջային հավելված, այդ թվում՝ TikTok-ը: Ըստ նախարարության՝ այդ հավելվածների աշխատանքը վնասում է Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, ինչպես նաև սպառնալիք է ստեղծում երկրի անվտանգության և հասարակական կարգի համար:

Հավելվածն արգելափակել է նաև Հոնկոնգում: Նման որոշում է կայացվել Չինաստանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության մասին օրենքի քննարկման կապակցությամբ։

Reddit-ի օգտատերերից մեկը, որն իրեն ծրագրավորող է անվանել, հայտարարել է, որ սոցկայքի աշխատանքի հետազոտություն է անցկացրել և պարզել, որ TikTok-ը զբաղվում է ապարատային պարամետրերի, սարքի վրա տեղադրված հավելվածների, ինչպես նաև ցանցի վերաբերյալ տվյալների հավաքմամբ: Բացի այդ սոցցանցը կարող է տվյալներ ստանալ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին:

TikTok հավելվածը կիրառության մեջ է դրվել 2017 թվականին, դրա մշակողը Չինական bytedance ընկերությունն է։ Այն հիմնականում օգտագործվում է դեռահասների և երեխաների կողմից: