Search
Close this search box.

Հայաստանում վարակի պիկն է, 300-400 հազարի մոտ է այդ թիվը. Առողջապահության նախկին նախարար

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության պիկն է այս փուլում, Lragir.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

«Հիմա մենք հենց պիկի վրա ենք գտնվում, որովհետև արդեն երրորդ շաբաթն է, որ 28-32 տոկոս վարակակիրներ են հայտնաբերվում։ Այսինքն՝ ունենք կորագծի հարթ ընթացք։ Եվ դա խոսում է նրա մասին, որ մենք գտնվում ենք հիվանդացության գագաթնակետին»,- ասաց Արարատ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ինչքան կշարունակվի այս վիճակը, որովհետև միևնույն է, վարակը տարածվում է։ Ձեռնարկվող միջոցառումներն, ըստ Մկրտչյանի, հնարավորություն են տալիս առողջապահական համակարգն ինչ-որ չափով ցնցումներից զերծ պահել։

«Ինձ մի փոքր մտահոգում է մահերի վիճակագրությունը՝ այս երեք շաբաթների ընթացքում երիտասարդ տարիքի անձանց մահվան բավականաչափ դեպքեր ունեցանք, 40-ից մինչև 60 տարեկան։ Բայց կարծես թե այս հարցում էլ չնչին փոփոխություն կա՝ այդ տարիքային խումբն սկսել է նվազել»,- հավելեց մասնագետը։

Ըստ Արարատ Մկրտչյանի՝ թեև կան կարծիքներ, որ կոլեկտիվվ իմունիտետի մասին դեռ վաղ է խոսել, բայց իր կարծիքով՝ հանրության մեջ իմունիտետի ձևավորման գործընթաց է տեղի ունենում։ «Ասում են՝ ընդամենը 25 հազարի սահմաններում ենք մենք հայտնաբերել վարակվածներ, բայց տարբեր երկրների բազմաթիվ հետազոտողներ գնահատում են, որ հայտանաբերված դեպքերը պետք է տասնապատիկով բազմապատկել և մոտավորապես պատկերացնել, թե որքան վարակակիր ունենք։ Մեր դեպքում, կարելի է ասել, 300-400 հազարի մոտ է այդ թիվը»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանն առաջիկայում ևս դեռ վարակի մեջ է լինելու, ինչպես ամբողջ աշխարհը։ Ինչ վերաբերում է աշնանը սպասվող իրավիճակին, Մկրտչյանը նշեց, որ աշնանը սեզոնային գրիպները միանալու են կորոնավիրուսին։ «Մինչև աշուն կորոնավիրուսը պետք է որ իր տեղը զիջի սեզոնային գրիպին։ Ինքն անընդհատ չի կարող վարակել, ինչ-որ սահմանի պետք է հասնի ու սկսի նվազել»,- հավելեց նա։  Սահմանները բացելուն պես ևս Հայաստանում կլինեն որոշ բռնկումներ, բայց, մասնագետի խոսքով, լայնածավալ բռնկումներ չեն կանխատեսվում, որովհետև բնակչությունը զգոնացել է, ինքնապաշտպանության ու անվտանգության մեթոդները կիրառվում են։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին տեղեկություններին, որ հնարավոր է այն լինի այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, Արարատ Մկրտչյանն ասաց․ «Ես զուգահեռ եմ անցկացնում նախկինում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետ, դրանց պատվաստանյութերը շատ ուշ էին հայտնաբերում, երկար ժամանակ էր տևում, այդ գրիպն անցնում էր, պատվաստանյութը մնում էր։ Հաջորդ տարիներին նորից վերադառնում էր նույն գրիպը, բայց մի քիչ փոխակերպված հարուցիչով, և այդ ստացված պատվաստանյութը դառնում էր անօգուտ։ Ես մեծ հույսեր չէի կապի պատվաստանյութի հետ։ Եթե նույնիսկ ունենանք էլ պատվաստանյութ, իմ կարծիքով՝ դա երևի խոցելի խմբերի շրջանում կկիրառվի։ Եվ հարց է՝ դրա կարիքը կլինի, թե ոչ, մի քիչ հարցականները շատ են այս հարցի շուրջ։ Ես կարծում եմ՝ մեր ուժերով պետք է պայքարենք այս հիվանդության դեմ, լինենք զգոն, միմյանց նկատմամբ հարգալից՝ չվարակելու ու չվարակվելու տեսանկյունից, և կհաղթահարենք»։