Search
Close this search box.

Հայրս բացառիկ մարդ էր. Կորոնավիրուսից մահացել է ԳԱԱ անդամ, դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանը

Ֆրանսիա-Հայաստան Առեւտրա-արդյունաբերական պալատը (ՖՀԱԱՊ) խոր վշտով տեղեկացնում է ՖՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն Տիկին Արուսյակ Լյուդի-Հայրապետյանի հոր անսպասելի մահը:

Այսօր, հուլիսի 4-ին, Երեւանի ժամանակով ժամը 10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ ԳԱԱ անդամ, գիտնական, ֆենոլոգիայի եւ կենսաբանության բառարանների եւ հետազոտությունների հեղինակ, Երեւանի պետական համալսարանի նախկին դասախոս, գիտությունների թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր պարոն Ֆելիքս Փառնակի Հայրապետյանը: Նրա սիրտը դադարեց զարկել կրկնակի թոքաբորբի հետեւանքով, որը հավանաբար COVID 19-ի արդյունք էր:

«Հայրս բացառիկ մարդ էր: Օրինակելի ու պաշտելի ամուսին, հայր, պապիկ: Իր հայրենիքի իրական պատրիոտ, մարդու իրավունքների ու ազատությունների անսասան պաշտպան: Նա մինչեւ իր վերջին շունչը պայքարեց իր գաղափարների եւ մեր հայրենիքի ավելի լավ ապագայի համար:

Նրա անձնական ներդրումը Հայաստանում ժողովրդավարական եւ առաջադեմ արժեքների իրականացման գործում կարեւոր էր: Նա է ինձ կերտել որպես մարդ, քաղաքացի: Ես նրան անսահման շնորհակալ եմ երջանիկ ու պաշտպանված մանկության ու պատանեկության տարիների, որակյալ կրթության, հրաշալի ընթերցումների ու կյանքի դասերի համար, մեծ բանավեճերի, անմոռանալի ծիծաղի, ինչպես նաեւ երջանկության ու ներդաշնակության մթնոլորտի համար, որը միշտ տիրում էր մեր տանը իր սիրո, նվիրվածության, մեծահոգության ու բացառիկ իմաստության շնորհիվ: Նա հավերժ կլուսավորի մեր սրտերը»,-նշել է Արուսյակ Լյուդի-Հայրապետյանը:

Իր հերթին օգտատերերից Ռուզաննա Բադալյանը (Շանթ Հարությունյանի կինը) գրել է. «Covid չարիքը մեզանից խլեց իմ ամենասիրելի մարդկանցից մեկին՝ պարոն Ֆելիքսին, ազնվագույն, համեստ, հաճելի անձնավորություն, ով, չնայած իր ութսունմեկ տարիներին, չափազանց կենսախինդ, կյանքով լեցուն, պայքարի ոգով մարդ էր և դեռ շատ նպատակներ ուներ:

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Ֆելիքս»: