Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացածին ու 3 վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս

հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի 91 XX 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ փրկարարները: Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: