Search
Close this search box.

«Տրադիցիոն օրենքով գող էր». Նոր զարգացումներ Մասիվցի Անդիկի սպանությանն գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ պետք է մեկնարկեր Արմեն Ղ.-ի գործի դատական քննությունը:

50-ամյա Արմեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել օրենքով գող համարվող Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Արմեն Ղ.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ղ.-ն, տեղեկատվություն տրամադրելով և առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու վերաբերյալ նախապես խոստում տալով՝ օժանդակել է Սուլեյման Մ.-ի կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի բնակելի շենքերի բակային հատվածում տեղադրված տաղավարում ապօրինի ձեռք բերված հրազենով՝ ատրճանակի գործադրմամբ Անդրանիկ Հարությունյանին՝ Մասիվցի Անդիկին սպանելուն:

Իրավապահ մարմինները սպանությունից հետո տարածած հաղորդագրություններում նշել են, որ Անդիկի սպանությունը եղել է պատվիրված, սակայն բուն պատվիրատուի մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի հայտնվել:

Պատվերով սպանության զոհ դարձած Անդրանիկ Հարությունյանը՝ Անդիկը, «տրադիցիոն օրենքով գող էր» համարվում, նրա սպանությունը անսպասելի էր ոչ միայն իրավապահների, այլև հանցավոր աշխարհի համար: Անդիկը ծնվել էր 1973 թվականին, դեպքի պահին գտնվում էր իր երևանյան բնակության վայրի բակի տաղավարում:

Պատվերով սպանությունն իրագործողը ստույգ տեղեկություն է ունեցել այդ մասին, նա նպատակամղված մոտեցել է տաղավարին ու կրակոցներ է արձակել հենց Անդիկի ուղղությամբ՝ զոհին պատճառելով կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքներ:

Սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղ.-ի գործով անդրանիկ դատական նիստը չկայացավ, քանի որ նախագահող դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր:

Հիշեցնենք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործով տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, թե ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը:

2019 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 23-ն անց 10 րոպեին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը:

Դեպքի առիթով ի սկզբանե հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հետագայում սպանության մեղադրանքը փոփոխվել ու ծանրացվել է, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին:

Ըստ հիշյալ պաշտոնական հաղորդագրության՝ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:

Վերջինս 2019 թվականի հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան և 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 23-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի՝ ատրճանակի գործադրմամբ, կրակոցներ արձակելով՝ սպանել է Անդրանիկ Հարությունյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երևան քաղաքի 50-ամյա տղամարդ: Վերջինս՝ Արմեն Ղ.-ն, ձերբակալվել, ապա կալանքի տակ է առնվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Սպանության գործից Արմեն Ղ.-ի մասն անջատվել, քննվել է առանձին, ներկայումս այդ գործն է, որ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում:

ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ սպանությունից հետո իրականացվել են անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարած անձին էր պատկանում։

Տարածվել է սպանության պահին դեպքի վայրի մերձակայքում առկա տեսանկարահանող սարքերի կատարած տեսագրությունը, որտեղ երևում է մի երիտասարդ, որը ատրճանակով մոտենում է բակի տաղավարում հավաքված մարդկանց ու կրակ է բացում նրանց ուղղությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, թե կասկածյալը ինչպես է հասել դեպքի վայր և սպանությունից հետո որ ուղղությամբ է դիմել փախուստի:

Իրավապահների համագործակցված միջոցառումների շնորհիվ պարզվել է որ սպանությանն օժանդակող 50-ամյա երևանցին ժամանակավորապես բնակվել էր ՌԴ-ում:

Պարզվել է, որ բուն սպանության կատարման մեջ կասկածվողը 2019 թվականի մայիսին մեկ շաբաթով եղել էր Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում էր եղել նաև սպանությանն օժանակելու մեջ կասկածվող անձը՝ Արմեն Ղ.-ն: Նրանք մի քանի անգամ հանդիպել էին: Ապա 1 օրվա տարբերությամբ նրանք վերադարձել էին ՌԴ: Հունիսին՝ մի քանի օրվա տարբերությամբ, նրանք կրկին եկել էին Հայաստան, որից օրեր անց տեղի էր ունեցել Մասիվցի Անդիկի սպանությունը: Սպանությունից հետո՝ ժամերի տարբերությամբ, երկուսն էլ լքել էին Հայաստանը:

Հանցագործության բացահայտման շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը մեկնել էր ՌԴ:

2019 թվականի օգոստոսի 20-ին ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել սպանությանը օժանդակելու մեջ կասկածվող Արմեն Ղ.-ն: Նա հաջորդ օրը հայտնաբերվել, բերման էր ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել: Այնուհետև որպես նրա խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե շարունակվում են միջոցառումները՝ բուն սպանությունը կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

2019 թվականի հուլիսին Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանը, ում անունը շոշափվել էր Մասիվցի Անդիկի սպանության գործով տարածված խոսակցություններում: Սակայն պաշտոնական տեղեկատվությամբ՝ Աշոտ Բոլյանը Անդիկի սպանության գործում երբևէ ներգրավված չի եղել:

40-ամյա Աշոտ Բոլյանի դին հայտնաբերել էին Մոսկվայում՝ իր իսկ մեքենայի կողքին՝ հրազենային վնասվածքներով:
1in.am