Search
Close this search box.

COVID-19-ի պատճառով գարեջուրը վերածել են պարարտանյութի եւ բիոգազի

Կորոնավիրուսն ու դրա առաջացրած կարանտինը գարեջրագործներին ստիպել են փնտրել չվաճառված ըմպելիքի օգտագործման եղանակներ, փոխանցում է «Պոպուլյարնայա մեխանիկան»:

Իռլանդիայում համավարակի սկսվելուց եւ կարանտին մտցնելուց հետո Guinness գարեջրագործարանը ստիպված էր 1916 թվականից սկսած առաջին անգամ իր աշխատանքը նվազագույնի հասցնել: Ընկերությունը ըմպելիքներ չի թողարկել եւ միայն ապահովել է ակտիվության նվազագույն մակարդակը՝ սարքավորումների աշխատունակությունը պահպանելու համար: Իսկ արդեն թողարկված գարեջուրը ստիպված էին օգտահանել:

Guinness-ում կարանտինի ժամանակ փակված փաբերից եւ բարերից վերցրել են միլիոնավոր լիտր թունդ գարեջուր եւ էլ, որոնք չէին հասցրել վաճառել, եւ դրանք վերածել են պարարտանյութի ու բիոգազի: Գարեջրագործներն այսպիսի քայլի են դիմել, որ միաժամանակ աջակցեն իրենց հաճախորդներին, որոնք ստիպված էին լինելու փնտրել ըմպելիքների ինքնուրույն օգտահանման հնարավորություններ, եւ որ օգտակար գործ անեն:

«Մեզ համար դա հեշտ որոշում չէր, բայց անհրաժեշտ էր այդպես գործել: Գարեջրի եւ էլի մեծ մասը մենք ուղարկել ենք ֆերմաներ, որտեղ աճեցնում են ուռենիներ եւ եղեւնիներ, այնտեղ ըմպելիքներն օգտագործվում են որպես սնուցող պարարտանյութ: Գարեջրի մի մասը վերածել ենք կոմպոստի, իսկ մնացած ըմպելիքը տվել ենք բիոգազ մշակելու համար»,- The Independent-ին ասել է Guinness-ի արտադրության գծով տնօրեն Էյդեն Քրոուն:

Գարեջրագործական ընկերության ներկայացուցիչը շեշտել է, որ եթե փորձեր հաշվարկել օգտահանված ըմպելիքների արժեքը, ապա չէր կարողանա արցունքները զսպել: Դրանից բացի, դեռեւս ոչ բոլոր հաճախորդներն են գարեջուրը վերադարձրել, այնպես որ՝ ըմպելիքով տակառների եւ կեգերի հաշվարկը կհասնի հարյուր հազարավորի:

Նշենք, որ Diageo ընկերությունը, որին պատկանում է Guinness ապրանքանիշը, ստեղծել է Raising the Bar բարեգործական հիմնադրամը եւ 100 մլն դոլար հատկացրել COVID-19 համավարակի պայմաններում հիգիենայի եւ անվտանգության նոր միջոցառումների ներդրման ծախսերի վճարման համար: