Search
Close this search box.

Ցավալի լուրեր, ոստիկանության 200 աշխատող վարակվել է կորոնավիրուսից, կա նաև մահվան դեպք

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ կորոնավիրուսից մահացել է Մարտունու անձնագրային բաժնի պետը:

«Այսօր խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնասիրուսը»,- գրել է Մ. Բիչախչյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Հետք»-ին տեղեկացրել են, որ այս տարվա մարտի 23-ից ոստիկանության ստորաբաժանումներում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակման 199 հիվանդության դեպք, որից 84-ը՝ առողջացած: Ինքնամեկուսացվել է ոստիկանության 519 աշխատակից: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացված է 90 աշխատակից։ Նշենք, որ ընդհանուր թեստավորվել է 427 աշխատակից։ 8 օրվա ընթացքում ոստիկանության 59 աշխատակից է վարակվել, և առողջացել 25-ը:

Ոստիկանության բժշկական վարչության հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնի կողմից, հունիսի 17-ի դրությամբ հայտնաբերվել և գրանցվել էր կորոնավիրուս ախտորոշում ունեցող ոստիկանության 140 ծառայող։ Այդ ժամանակ վարակված ծառայողներից 59-ը առողջացել էր: Որպես սերտ կոնտակտավոր ինքնամեկուսացվել էր ոստիկանության 423 ծառայող, որոնցից ինքնամեկուսացման մեջ էր 114-ը։ Ոստիկանությունը, հղում կատարելով իրավական ակտերին, չի մանրամասնում, թե որ ստորաբաժանման աշխատակիցներն են վարակվել կորոնավիրուսով կամ որպես կոնտակտավոր՝ մեկուսացվել: Հղում տալով ոստիկանության պետի 2016թ. փետրվարի 29-ի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանին՝ հայտնում են, որ «ոստիկանությունում և ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ուժերը բացահայտող տեղեկությունները գաղտնի են, ուստի հայցվող տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման»: