Search
Close this search box.

«Հայաստանում գործազրկությունը կարող է ավելանալ մինչև 80 հազար մարդ. տնտեսական դժվարությունները դեռ առջևում են»

«Կարծում եմ, որ փոխվարչապետը փոքր թիվ է ներկայացրել, որովհետև, իրականում, գործազուրկների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Սակայն այստեղ ուզում եմ տեղեկացնել նաև, որ ապրիլի վերջերին մեր կազմակերպության իրականացրած հետազոտությունը ցույց տվեց, որ գործատուների 89 տոկոսը ցանկացել է աշխատատեղերը պահպանել, իսկ սրան զուգահեռ, 86 տոկոսը նշել էր, որ աշխատավարձ տալու և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելու համար գումար չունի: Հիմա այն գործընթացը, որի մասին ասել է նաև փոխվարչապետը՝ ժամանակի ընթացքում պիտի ավելի ստույգ գնահատվի, որովհետև շատ դժվարություններ դեռևս առջևում են։

Օրինակ՝ տուրիզմի և սպասարկման ոլորտում մոտավորապես 75 հազար աշխատող կա. հիմա, եթե այս ոլորտները դեռ ակտիվ չեն գործում ու դեռ չգիտենք էլ ակտիվ կգործեն, թե ոչ, ռեստորանները չկարողանան ամբողջ ծավալով ռեստորանային ծառայություն մատուցել, կամ նույնը սրճարանները, ակումբները և այլն, պատվերներ չունենան կամ դրանք քիչ լինեն, մարդաշատ միջոցառումներ չկարողանան կազմակերպել, հյուրանոցներում այցելուներ չլինեն և այլն, և այլն, ապա գործազուրկների թիվը կանխատեսվածից էլ շատ կլինի:

Իմ հաշվարկով՝ Հայաստանում գործազրկությունը կարող է ավելանա մինչև 80 հազար մարդ, ինչը մեր երկրի համար բավականին մեծ ցուցանիշ է: Ընդ որում՝ այս ցուցանիշը նաև հարաբերական է, այսինքն՝ եթե քաղաքացիները չգնան և չգրանցվեն զբաղվածության պետական գործակալությունում, չհայտնեն աշխատանքը կորցնելու մասին, մենք այդպես էլ ստույգ տվյալներ չենք ունենա։ Փոխվարչապետը խոսել է դեռևս հարկադիր պարապուրդի մատնվածների մասին, իսկ ես գործազրկության հնարավոր ցուցանիշներն եմ մատնանշում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանն օրերս ԱԺ-ում հայտարարել էր, որ, նախնական գնահատականներով՝ Հայաստանում ճգնաժամի հետևանքով հարկադիր պարապուրդում է մոտ 12 հազար քաղաքացի։

«Դեռևս վերջնական գնահատական տալը վաղ է․պարապուրդի թվերը մտահոգիչ են, սակայն ներկա դրությամբ ավելի կարոր է հասկանալ, թե որքան մարդ է պահպանել աշխատանքը, սակայն չի վարձատրվել այս ընթացքում։ Կարծում եմ՝ ավելի ճշգրիտ թվեր կունենանք երկու ամսից՝ արդյունքներն ամփոփելուց հետո»,-մասնավորապես հայտարարել էր փոխվարչապետը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև, որ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք բիզնեսի մոտ հանգեցնում են ծախսերի կրճատման, և այս խնդիրն առաջանում է մասնավոր հատվածի ձեռնարկությունների մոտ։

«Իսկ վերջնական գնահատականների համար 1․5-2 ամիս կպահանջվի, որպեսզի պարզ լինի՝ մեր տնտեսությունը դուրս եկա՞վ այս շոկից, թե՞ աշխատատեղեր կրճատվեցին»,- ասել էր նա։

Այս համատեքստում Գագիկ Մակարյանը փոխանցեց, որ իրենց կատարած հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ձեռնարկություններին մինչև 90 օր է հարկավոր իրենց աշխատանքի նախկին ծավալին, նախկին հզորություններին վերադառնալու համար, այսինքն՝ հուլիս ամսվա վերջին նոր միայն կկարողանանք ունենալ հստակ պատկեր, թե ինչպես են կարողացել ձեռնարկությունները դուրս գալ այս ճգնաժամային վիճակից և վերականգնվել, սակայն, եթե, իհարկե, նոր ֆորս-մաժորներ չլինեն:

«Դատելով այն բանից, որ Հայաստանում դեռևս շարունակվում է արտակարգ դրությունը, դատելով այն բանից, որ վարակակիրների թիվը, ցավոք սրտի, շատ-շատ է, կարող ենք ասել, որ այս իրավիճակը բիզնես սեկտորին ազատ գործելու հնարավորություն դեռևս չի տալիս, բոլոր դեպքերում, մարդիկ կաշկանդված են։ Եթե ձեռնարկությունները չկարողանան վերականգնվել, չկարողանան վարկեր վերցնել կամ գումար չունենան աշխատավարձ վճարելու, հարկերը վճարելու (իսկ ձեռնարկությունների մեծ մասը հիմա հենց այս վիճակում էլ գտնվում է), ապա տնտեսական պատկերը շատ տխուր կլինի»,- ընդգծեց Մակարյանը։

Վերջինս այն հարցին, թե ստեղծված այս իրավիճակում առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը գործազրկության այսչափ ծավալ թույլ չտալու համար, սոցիալական բեռի ավելացումը կանխելու համար, պատասխանեց․

«Կառավարությունը պետք է նայի, թե հատկապես որ ճյուղերն են, որոնք տնտեսական տեսանկյունից զբաղվածության մեծ գեներացիա կարող են ապահովել, այսինքն՝ զբաղվածության մեծ պոտենցիալ ունեցող ճյուղերը պետք է ամեն գնով փորձել պահպանել։ Օրինակ՝ վերցնենք տեքստիլի ոլորտը, որտեղ բավականին մեծ թվով աշխատատեղեր կան, աշխատակիցներ կան՝ հատկապես կանայք, այսինքն՝ նշանակում է, որ կարի արտադրամասերի ղեկավարության հետ պետք է քննարկել, թե իրենց ձեռնարկությունները հիմա ինչ խնդիրներ ունեն, ինչ աջակցություն են ակնկալում պետությունից այդ աշխատատեղերը պահպանելու համար կամ նորերը բացելու համար և եթե տեսնում են, որ կան խնդիրներ ու հնարավոր է հարկադիր պարապուրդի մատնվեն մարդիկ, կամ իրենց աշխատատեղը կրճատվի, ապա կառավարությունը պիտի էքսկլյուզիվ մոտեցում ցուցաբերի, այսինքն՝ այդ ձեռնարկություններին պետական գնումներով պատվերներ տա՝ բանակի, հիվանդանոցների կամ այլ հաստատությունների համար համազգեստ, հագուստ կարելու պատվերներ, կամ այլ պատվերները նրանց վերահասցեագրի և այլն։ Բացի սրանից՝ վերցնենք նաև սպասարկման ոլորտը, որը դեռևս, ինչպես արդեն ասացի, չի կարողանում ամբողջ ծավալով, մեծ ակտիվությամբ աշխատել․ այստեղ էլ Զբոսաշրջության կոմիտեն մեծ անելիքներ ունի՝ հատուկ ծրագրերի մշակման և աջակցության գործիքների ստեղծման տեսքով, որպեսզի սպասարկման ոլորտում կարողանանք հարցը լուծել, քանի որ սա այն ոլորտներից է, որը նույնպես մեծ զբաղվածություն է ապահովում և, ի վերջո, չէ՞ որ տուրիզմը նաև կառավարության ծրագրում է որպես գերակա ուղղություն նշված, մինչդեռ Զբոսաշրջության կոմիտեն, կարծես, տեղից չի ուզում շարժվել։

Վերջապես նաև շինարարության ոլորտը․ բացօթյա շինարարությանը կարելի է զարկ տալ և մեծ զբաղվածություն ապահովել սեփական աշխատուժով, որը նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ։

Ես այս երեք օրինակները բերեցի, բայց, վստահաբար, լավ տնտղելու պարագայում հաստատ հնարավոր է այլ տարբերակներ ևս գտնել և հնարավորինս շուտ փորձել դուրս գալ այս վիճակից, ոչ թե ձեռքերը ծալել, նստել ու սպասել, թե երբ ճգնաժամը կանցնի»։

Ամփոփելով խոսքը՝ Մակարյանը նաև կարևորեց այն հանգամանքը, որ կառավարությունն արդեն իսկ պետք է հընթացս սկսի քայլեր ձեռնարկել տնտեսական այս խնդիրները հաղթահարելու համար, այլ ոչ թե միայն հիմնվի աջակցության մի քանի թերի իրականացված ծրագրերի վրա, որոնք, ըստ էության, նաև ժամանակի ընթացքում ի ցույց դրեցին իրենց ոչ բարձր արդյունավետությունը։