Search
Close this search box.

Շատ մեծ հարց է՝ այդ թեստերը կաշխատե՞ն, թե՞ ոչ․ կարելի էր մի քիչ թանկ վճարել, բայց որակյալ թեստեր գնել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։

«Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար»,- գրել է Թորոսյանը։

ՁԻԱՀ–ի կենտրոնի բժիշկ համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը վստահ չէ, որ այդ թեստերը կարող են արդյունավետ լինել ու ճշգրիտ պատասխաններ տալ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բժիշկը նշեց՝ մենք փաստացի թեստերի արտադրանք չունենք, պատրաստի նյութերը բերվել են ու տեղում փաթեթավորում են արվել։

«Հետևաբար՝ այստեղ հարց չկա, թե դրանք հարմարեցված են շտամերին, թե ոչ։ Պատրաստի նյութը վիրուսին հարմարեցված գալիս է։ Այստեղ ավելի խնդրահարույցն այն է, որ այդ տեսակի աշխատանքը, ինչպես ներկայացված էր տեսանյութերում, կատարվում է ձեռքով։ Նման աշխատանքը ձեռքով չպետք է արվի։ Դա ավտոմատացված պետք է լինի, որպեսզի բացառի մարդկային գործոնը, ու բոլոր նյութերի բաժանումը ճիշտ կատարվի սրվակներում։ Իսկ այս դեպքում դա կատարվել է ձեռքով ու երկրորդ կարգի բիոանվտանգություն ունեցող լաբորատորիայում, այնինչ, պետք է կատարվեր 3-րդ կարգի բիոանվտանգություն ունեցող լաբորատորիայում։ Դրանից առաջանում են խնդիրներ։ Չգիտեմ, գուցե այդ տեսանյութերից հետո ինչ-որ բան փոխվել է, քանի որ դրանք հրապարակվել են 1․5 ամիս առաջ։ Այս պարագայում, երբ թեստի արտադրությունը կատարվում է ձեռքով, ու օրական 1000 օրինակ պետք է ստեղծվի, այդտեղ ավելանում են մարդկային գործոնով պայմանավորված սխալները»,- բացատրեց բժիշկ-համաճարակաբանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ PCR թեստերը լիարժեք ստերիլ պայմաններում պետք է ստեղծել, հակառակ դեպքում՝ կեղծ պատասխանների հավանականություն կարող է լինել: «Ես հիմա չգիտեմ, թե ինչքանով է ապահովված դա, բայց ես ասում եմ, թե ինչ պայմաններ պետք է լինեն թեստի ճշգրիտ պատասխաններ ստանալու համար։ Եթե դա միայն արտադրվում է Հայաստանի համար, ուրիշ հարց է, բայց եթե իրենց ասելով՝ հեռահար նպատակներ ունեն, դա արդեն այլ հարց է»,- ասաց բժիշկ Հովհաննիսյանը։

Վարակաբանը նշեց, որ թեստերը հայտնաբերում են վիրուսի գենետիկ նյութը, մասնիկները, որը բոլոր երկրներում գրեթե նույնն է։ «Բոլոր վիրուսներն էլ ինչ-որ մուտացիաների ենթարկվում են։ Մի մասը ենթարկվում է, մի մասը մնում է անփոփոխ։ ՊՇՌ անալիզի համար հիմք են վերցնում այդ անփոփոխ մասերը։ Երբ Չինաստանը բոլոր երկրներին տեղեկացրեց վիրուսի մասին, ինքը բոլոր երկրներին արդեն տրամադրել էր վիրուսի այդ անփոփոխ մասը, ու ըստ դրա արտադրվել են թեստերը։ Մենք նման ձևով արտադրություն բացառված է, որ ունենանք, որովհետև մենք ներմուծել ենք բոլոր բաղադրամասերը ու ստեղծել թեստը։ Այստեղ տարբեր մակարդակների մասին է խոսքը։ Զրոյից թեստի արտադրանքը չէ»,- ընդգծեց մեր զրուցակիցը, ապա ևս մեկ անգամ շեշտեց՝ կան վտանգներ, կան կասկածներ այդ թեստերի արդյունավետության մասով։

Ըստ մասնագետի՝ Հայաստանի նման երկրի համար ավելի հարմար կլիներ ուղղակի որակյալ, ստուգված թեստեր գնել, քան թե «արտադրել»։ «Դա որոշակի ավանտյուրա է։ Անհայտ է՝ այդ թեստերը աշխատելուն են, թե չէ։ Մեզ շատ պետք չէր, պետք էր մի քանի հարյուր հազար թեստ։ Կարելի էր մի քիչ թանկ վճարել, բայց գոնե կիմանայինք, որ ճշգրիտ, որակյալ թեստեր են»,- ասաց Հովհաննիսյանը, ապա, խոսելով թեստերի արտադրության նպատակների մասին, ասաց․ ինստիտուտի համար երևի հետաքրքիր աշխատանք էր, առաջարկել են, որոշում կայացնողներն էլ համաձայնել են։ Առողջապահական հատվածը, որոշում կայացնողները պետք է ասեին, որ մեզ ավելի հարմար է արագ ու որակյալ թեստեր գնել։ Օրինակ՝ կարող էինք գերմանական, ճապոնական թեստեր գնել, մեկ շաբաթում կլինեին Հայաստանում, որոնք սերտիֆիկացված են, փորձված են, ու մենք կարող էինք չկասկածել դրանց վրա։ Ինձ թվում է՝ առողջապահության կազմակերպիչը այդ ուղղությունով պետք է գնար, ոչ թե վիրուսի պայմաններում արկածախնդրության գնար։ Շատ մեծ հարց է՝ այդ թեստերը կաշխատե՞ն, թե՞ ոչ։ Քանի դեռ դրա ստեղծման վրա մարդն է աշխատում, ավտոմատացված չէ, մենք չենք կարող վստահ լինել։ Հնարավոր է՝ այսօրվա արտադրված թեստերը ավելի որակյալ լինեն, քան նախորդ օրվանը։ Ամեն դեպքում դա մտահոգիչ է։ Չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կունենա։ Գուցե բոլորի բախտը բերի ու նորմալ թեստեր ունենանք։ Բայց խիստ կասկածում եմ։ Յուրաքանչյուր լաբորատոր մասնագետի, եթե հարցնեք, այդ նույն կասկածները կհնչեցնի»,- իր խոսքն ամփոփեց վարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։