Search
Close this search box.

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների ամենակուրիոզ պահերը

1. Վարչապետի խոսնակը (ասել է, թե՝ վարչապետը) էմոցիոնալ մի պահի հայտարարում է մի քրեական գործի մասին, որը դեռ հարուցված չէ։ Պարզվում է՝ նրանք տեղյակ են այն ցուցմունքներից, որոնք դեռ տրված չեն։

2. Ծառուկյանին ազատությունից զրկելուն կողմ են քվեարկում մի խումբ իմքայլականներ, որոնք կայացել և ապահովել են իրենց բարեկեցությունը Ծառուկյանի շնորհիվ։

3. Հ1-ի տաղավարում Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը, ով ուներ ԲՀԿ-ից քաղաքապետ դառնալու հավակնություններ (Պետրոս Ղազարյան) և Ծառուկյանի ամենախոշոր կոմերցիոն քաղաքական պրոյեկտներից մեկի՝ ՀԱԿ-ի փոխնախագահը (Լևոն Զուրաբյան) ԲՀԿ-ն համարում են հանցավոր ռեժիմի ստեղծած ուժ և, որ ԲՀԿ-ն միշտ գնել է ընտրողների քվեները։ Գրեթե ինքնախոստովանական ցուցմունք։

4. Իմ քայլում կա պատգամավոր, որը 2015-ին ՀՀԿ պատգամավոր էր, և ներկա էր այն դահլիճում, որտեղ Սերժ Սարգսյանը հարձակվեց Ծառուկյանի վրա և բնականաբար նա ողջունեց շեֆի ասածները։ Հիմա այդ նույն մարդը արդեն Իմ քայլի պատգամավոր է, փոխվել է շեֆը, և դարձյալ ողջունում է արդեն նոր շեֆի հարձակումը Ծառուկյանի վրա։ Հետևություն. եթե վաղը այդ մարդը պատգամավոր դառնա ԲՀԿ-ից, նույնպես ողջունելու է, եթե Ծառուկյանը հարձակվի իր նախորդ շեֆերից կամ մեկ ուրիշի  վրա (Հայաստանում ամեն ինչ հնարավոր է)։

5. Ծառուկյան դեմ քրեական գործի հարուցումը և ազատազրկումը ակտիվորեն ողջունում է այն մարդը և քվեարկում կողմ, որի լրատվամիջոցը Ս. Սարգսյանի օրոք և ենթադրաբար՝ պատվերով ամենավերջին բառերն էր գրում Ծառուկյանի մասին, հետագայում, Ծառուկյանից ստանում է աննախադեպ խոշոր աջակցություն և մտերմանում են (ժամանակագրորեն կարելի է հետևել կայքին և կտեսնեք, որ այդ փուլում Ծառուկյանի մասին ոչ մի թթու բառ չկա)։

6. Սոցիալական ցանցերում Ծառուկյանի դեմ ամենաակտիվը աշխատում են  ՀԱԿ-ի շրջանակները։ Բայց մի՛ շտապեք նրանց մեղադրել անազնվության մեջ։ Փորձագետների կարծիքով՝ դրանք այն մարդիկ են, որոնց 2010-2015 թվականներին պարզապես չի հասել Ծառուկյանի կողմից հատկացված «աջակցությունը» (թե ինչու չի հասել, պետք է հարցնել 3-րդ կետում նշված պերսոնաժին)։

7.Մեղադրանք է առաջադրվել և կալանավորման են տանում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանին, ում ՀԱԿ-ում բոլորից շատ էին սիրում, որովետև նա ԲՀԿ-ում «ամենաՀԱԿ-ականն» էր և սիրում էր ՀԱԿ էլիտային ռեստորաններ տանել։ Իսկ ՀԱԿ էլիտան էլ ինչպես գիտեք ուրիշի հաշվին ուտել սիրում է։ Հիմա ՀԱԿ-ի սեղանակիցներից ոչ մի աջակցության բառ։

8.Լրատվական կոմերցիայի առանձին տողով ապահովվող մեկ այլ կայք (մերձՀԱԿական) ամենամոլեռանդ հակածառուկյանականն է այսօր։

Ցանկը կարելի է երկար շարունակել։ Բայց 9-րդ ամենակարևոր կետը վերաբերում է Հենց Ծառուկյանին։

9. Այսքանից հետո կհասկանա՞ և կընդունի՞ իր սխալները։

« Իմ Ձայնը» Նախագիծ