Search
Close this search box.

Ահազանգ՝ Ձորաղբյուրից. Հրավիրում են Ոստիկանության, ԱԱԾ-ի, Ջրային կոմիտեի և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը

ArmLife.am-ն իր էլեկտրոնային փոստին Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչներից նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև.

Ձորաղբյուրի ամառանոցները` ջրային մաֆիայի ճիրաններում

Ջորաղբյուրի ամառանոցներում շաբաթներ շարունակ ոռոգման ջուր չի տրվում: Որքան էլ տարօրինակ հնչի, ջուր չտալու պատճառը ոչ թե ջրի բացակայությունն է, այլ տարիների ընթացքում ամուր հիմքեր գցած հանցավոր սխեման՝ ոռոգման ջուր չտալով ստիպում են գնել ցիստեռններով վաճառվող թանկարժեք ջուրը։ 1 ցիստեռն ջուրն արժե 10000 դրամ և այդ քանակը բավականացնում է սոսկ մեկ անգամ այգին ոռոգելու համար: Ակնհայտ է, որ ամռան կիզիչ արևին հնարավոր չէ այգիները չոռոգել, հետևաբար ամառանոցների բնակիչներն իրենց կամքից անկախ հայտնվում են ջրավաճառների ճիրաններում՝ տասնյակ միլիոնավոր դրամներով հարստացնելով նրանց:

Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչների համար ակնհայտ է, որ երկար տարիներ գործող հանցավոր սխեման կձախողվեր` պատշաճ վերահսկողության առկայության դեպքում: Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչները հրավիրում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ջրային կոմիտեի և այլ իրավապահ մարմինների ուշադրությունը՝ նշված խնդրին լուծում տալու, այդ հանցավոր համագործակցությունը և մարդկանց օրը ցերեկով կողոպտելու լկտի գործելաոճը վերացնելուև ամռան տապից այրվող այգիներին կենարար հեղուկի անխափան մատակարարումն ապահովելու համար:

Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչներ