Search
Close this search box.

Դասական փուչիկը տրաքեց

Երեկ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն քվեարկությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որով դադարեցվում էր ՍԴ երեք պատգամավորների լիազորությունները: Ընդդիմությունը դա գնահատեց որպես պետական հեղաշրջում և դատական իշխանության ուզուրպացիա: Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խորհրդարանի նիստից անմիջապես հետո հայտարարեց, որ սկսում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու և ընդունված օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար:

Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցություններն, քաղաքական գործիչները և նույնիսկ հսարակական կազմակերպությունները ողջունեցին ԲՀԿ-ի այս քայլը:

Բայց ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, քանի որ Սահմանադրության 169-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ մասում ասվում է, որ ՍԴ կարող են դիմել պատգամավորների մեկ հինգերորդը, իսկ դա 27 պատգամավոր է: ԲՀԿ-ն ունի 26 պատգամավոր, և անհրաժեշտ է, որ Լուսավոր Հայաստանից գոնե մեկ պատգամավոր ևս միանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը: Բայց երեկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությունը թույլ չի տալիս իրենց նման բան անել՝ այդ հարցով դիմել ՍԴ:

Մարուքյանը փորձեց ամբողջ մեղքը գցել Հրայր Թովմասյանի վրա, մինչդեռ դա կատարյալ կեղծիք է, քանի որ Սահմանադրության նույն 169 հոդվածը ասում է, որ պատգամավորները կարող են ՍԴ-ում վիճարկել ԱԺ ընդունած օրենքների և որոշումների սահմանադրականությունը, իսկ երեկ ընդունվածը ոչ այլ ինչ էր քան օրենք սահմանադրական փոփոխությունների մասին:

Մարուքյանի սույն հայտարարությունից հետո բոլորի համար էլ պարզ դարձավ, որ Լուսավոր Հայաստանը շարունակում է լինել իշխանության «զապաս պագրիշկեն», այսինքն օգտագործվել իշխանության կողմից, երբ դրա խիստ անհրաժեշտությունը կլինի, իսկ մնացած դեպքերում թույլատրված է, որ սրանք ինքնագործունեությամբ զբաղվեն կամ նույնիսկ թեթև ծեծ ուտեն, ընդդիմադիր խաղալու համար:

Մի ժամանակ պուլտով ընդդիմադիրի դերը Էդմոն Մարուքյանը խաղում էր Հանրապետականի համար, և այն ժամանակը Էդմոնի պուլտը Սերժ Սարգսյանի մոտ էր, հիմա խաղում է Իմ քայլի համար և փոխանցիկ պուլտը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի մոտ: Եթե Էդմոնի էլեմենտը չնստի, նա նույն բանը կանի հաջորդ իշխանության համար: Մենք իհարկե հայտնագործություն չենք արել , բայց երեկվա իր հայտարարությամբ Մարուքյանը ի ցույց դրեց իր իրական դերակատարումը ամբողջ շքեղությամբ:

Հ.Գ. 2018թ. խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպված հեռուստաբանավեճի ժամանակ Մարուքյանը հայտարարում էր, որ ինքը դասական ընդդիմադիր գործիչ է, երևի նկատի ունենալով, որ սեփական հացի փողը ոչ թե աշխատում է տնտեսկան գործունեությամբ, այլ տարբեր քաղաքական պատվերներ կատարելով: Իրականում Մարուքյանը դասական փուչիկ է, որ փչվել էր նախորդ իշխանությունների կողմից, և պայթեցվեց գործող իշխանության անփույթ օգտագործման արդյունքում:

ArmLife.am