Search
Close this search box.

Գլխավոր դատախազին հարցրել եմ, թե հնարավո՞ր է` խորհրդարանը խայտառակ լինի Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու պատճառով, և երեկ դա տեղի է ունեցել. Է. Մարուքյան

Խորհրդարանում ասել ենք, որ բավարար ապացույցներ չկան Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը դատարանի կողմից մերժելուն:

«Ես գլխավոր դատախազին հարցրել եմ, թե արդյոք հնարավոր է` խորհրդարանը խայտառակ լինի անձեռնմխելիությունից զրկելու պատճառով, երեկ դա տեղի է ունեցել, և 87 մարդ հիմա, վստահ եմ, որ հարցեր ունի իրենց համոզողներին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանափոխության հարցին, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ քանի դեռ Հայաստանում ամեն 600 մարդ դառնում է վարակակիր, մահեր ենք ունենում, այս ժամանակահատվածում հրաժարականի հարց չենք բարձրացնում: «Բայց ասել ենք, որ իրավիճակը կայունանալուց հետո մենք քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու, որը ես եմ ասել ելույթով` վարչապետի աչքերին նայելով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողով ստեղծելուն, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա իրենց գաղափարն է: «Մենք ենք դրել շրջանառության մեջ, ողջունում ենք, որ մեր գործընկերները նախաձեռնել են, և ասել ենք, որ լավ կլինի` նախագահվի մեր կողմից, քանի որ խորհրդարանում կա ընդդիմության կողմից նախագահվող երկու քննիչ հանձնաժողով, երկուսն էլ նախագահում է ԲՀԿ-ն, հիմա սա էլ, կարծում ենք, որ պետք է նախագահվի մեր կողմից»,-ասաց նա և նշեց, որ ոչ մի նախապայման չկա: