Search
Close this search box.

Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ վեր կանգնել քաղաքական պրոցեսներից. Երեմ Սարգսյան

Ես ուրախ եմ, որ դատարանը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ վեր կանգնել քաղաքական պրոցեսներից: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը` անդրադառնալով դատարանի Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշմանը:

«Ակնհայտ էր, որ քաղաքական պրոցեսների այս վերջին օղակը պետք է հանդիսանար դատարանը, ինչը խայտառակություն կլիներ իրավական պետության համար: Այն փաստերը, որ ներկայացվում էին, շատ ակնհայտ էին, որպեսզի կալանավորումը մերժվեր»,-ասաց նա նշելով, որ որոշման բովանդակությանը ծանոթ չեն, ծանոթանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ:

Փաստաբանը հավելեց, որ սկզբնական շրջանում իրենք վստահ էին,որ կալանավորում լինելու է, քանի որ պրոցեսներն այդպիսին էին,սակայն դատաքննության ընթացքում որեւէ հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում ,եւ վստահություն ծագեց, որ դատարանն ի վերջո օրինական որոշում կկայացնի:

Փաստաբանը կարծում է, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի այս որոշումը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումը