Search
Close this search box.

2016-ին կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք. Արցախի օդն այսօր ամբողջությամբ պաշտպանված է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է։ Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Արցախի նախագահն ընդգծել է, որ պատահական չէ, որ 2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային, և այն էլ մի քանի ուղղությամբ` և ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զինվորների ու սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, և նյութական աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: «Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,- ասել է Հարությունյանը:

Հարցին, դա կփոխե՞ր զոհերի թիվը, Հարությունյանը պատասխանել է․ «Գիտեք, ոչ։ Խոսքը եթե հակաօդայինի մասին է, ապա օդային հարձակում տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, շատ ավելի անպաշտպան: Չեմ ուզում փակագծեր բացել. Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդը անպաշտպան էր 2016 թվականին: Ուզում եմ վստահ հայտարարել, որ այսօր ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի օդն է պաշտպանված: Եվ այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում մեծ տեղ է հատկացվել իրենց նշած այդ հին, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են. Բացի դրանից նոր հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք` ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 1992-1994 թվականներին` հազիվ էինք պաշտպանվում: Առաջնագիծը շատ ավելի անգամներով այսօր ավելի անվտանգ է, քան երբևէ ունեցել ենք»,- ասել է Հարությունյանը: