Search
Close this search box.

Գլենդելի նորընտիր հայազգի քաղաքապետը` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության և նոր համագործակցության մասին. բացառիկ հարցազրույց

Հարցազրույց Գլենդելի  քաղաքապետ՝ Վրեժ Աղաջանյանի հետ. 

Վրեժ Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Իրանահայ միության Խնամակալ Մարմնի նախկին և ներկա նախագահ, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։

ArmԼife.am- ի հետ զրույցում պարոն Աղաջանյանը խոսեց անցած ուղու և ծավալած գործունեության մասին:

-Ծնվել եմ Թեհրանում և ավարտել եմ Թեհրանի Շարիֆ տեխնոլոգիայի համալսարանը, մասնագիտությամբ՝ Ինժեներ: 1975թ-ին տեղափոխվել եմ ԱՄՆ և սովորել UCLA համալսարանում, որտեղ ստացել եմ պրոֆեսիոնալ Ինժեների (PE) որակավորում:
Մասնագիտական առաջին աշխատանքս սկսել եմ ՍանԴիեգոյի Neval Medical Cenetr–ում, որպես փրոջեքթ դիզայն- ինժեներ:

-Պարոն Աղաջանյան, դժվարին օրերին դուք ստանձնեցիք Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի դեմ: Մի փոքր պատմեք ինչ օժանդակության ծրագրեր է իրականացնում Գլենդելի քաղաքապետարանը և ինչ դեր ունի Հայերի կյանքում Գլենդելի Հայ քաղաքապետը:
-Այս համաճարակի բերումով շատ դժվար է ժողովներ կազմակերպել հանրության հետ,կարծես թե նվազել է կապը ժողովրդի հետ, որը ես շատ կարևոր եմ համարում երկու կողմերիս համար, սակայն աշխատում ենք հնարավորինս կապի մեջ լինել հեռախոսով և առցանց տարբերակներով: Պետք է նշեմ, որ չնայած ստեղծված իրավիճակին, իմ երկու գրասենյակների դռները միշտ բաց են հանրության համար և ես միշտ պատրաստ եմ լսելու նրանց խնդիրները:
Աջակցության ծրագրերի հետ կապված նշեմ, որ այո գումարներ հատկացվում է ինչպես վատ պայմաններում ապրող ընտանիքներին, այնպես էլ փոքր բիզնեսներին, որոնք աջակցության կարիք ունեն:
Այս ամենով օգնության ծրագրերը չեն ավարտվում. այժմ մշակում ենք աջակցության նոր ծրագիր, որը շուտով կներկայացվի հանրությանը:
Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե քաղաքապետի հայ լինելը, որքանով է օգնում Գլենդելի հայերին,ապա ասեմ, որ կա նման առավելություն անգլերեն լեզվի իմացության մասով: Մեր հայրենակիցներից շատերը չեն տիրապետում անգլերենին և քաղաքապետի հայ լինելը օգնում է ավելի ազատ և անմիջական ներկայացնել իրենց հարցերը մայրենի լեզվով:

-Ունեք տվյալներ, թե քանի հայ կա, ովքեր վարակված են կորոնավիրուսով:
-Գլենդելի բնակչության գրեթե կեսը հայեր են: Ամբողջ բնակչության տվյալներով մայիսի 30-ի դրությամբ ունենք 970 Կորոնավիրուսով վարակված, սակայն նրանցից քանիսն են հայ` նման տվյալների չենք տիրապետում:

-Ի՞նչ դեր և նշանակություն ունի ԱՄՆ-ի՝ ամենամեծ հայերով բնակեցված քաղաք Գլենդելը և Գլենդելի հայքաղաքապետը Հայաստանի համար:
-Ինչպես գիտեք 2015թ-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը հերթական նիստում միաձայն քվեարկել է Գյումրիի հետ քույր քաղաք հարաբերություններ հաստատելու օգտին: Այսպիսով Գյումրին դարձավ Գլենդելի երկրորդ հայկական քույր քաղաքը՝ Կապանից հետո:
Մենք շարունակելու ենք սկսված համագործակցությունը մասնավորապես՝ կրթական, մշակութային ոլորտներում և աշխատելու ենք ավելի զարգացնելու և ընդլայնելու այն:
Ներկա իրավիճակի հետ կապված՝ այս տարի չեմ կարող այցելել Հայաստան: Սակայն հույսով եմ, որ շուտով կկարողանամ գալ և կմշակենք համագործակցության նոր ծրագրեր:

-Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Սփյուռքում կամ մասնավորապես Գլենդելի հայերի համար հեղափոխությունից մինչ այսօր:
-Նախ պետք է ասեմ, որ խանդավառությունը դեռշարունակվում է հայերիս շրջանում: Մենք դեռ շարունակում ենք ուրախանալ, որ հայ ժողովուրդն իրականացրեց բոլորի կողմից սպասված հեղափոխությունը, որը նպաստեց ազատ կարգերի հաստատմանը ՀՀ-ում:
Եվ չնայած, որ Գլենդելի հայերը երբեք չեն դադարել ապրել և հետաքրքրվել Հայաստանով, սակայն այդ ամենն ավելի պայծառ երանգներ ստացավ հատկապես հեղափոխությունից հետո:

-Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ դուք ասել եք, որ Հայաստանը պետք է տեր լինի Սփյուռքին, իսկ Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, ինչ կասեք կան արդեն քայլեր երկուստեք կողմերից:
-Այո, սա իմ երազանքն է, և ես հուսով եմ, որ ապագայում այն կիրականանա: Ցավոք, դեռ Հայաստանը չի հասել այն վիճակին, որ կարողանա լիիրավ տեր լինել Սփյուռքին, սակայն այն, որ Հայաստանը մեր տրամադրությունը միշտ բարձր է պահում, դա փաստ է: Իսկ ինչ վերաբերվում է Սփյուռքի կողմից Հայաստանին օգնելուն՝ պետք է ասեմ, որ Սփյուռքը միշտ աջակցում է Հայաստանին և հույսով եմ,որ հիմա առավել կօգնի Հայաստանի բարգավաճմանը: Մեր պարտականությունն է օգնել մեր քույրերին և եղբայրներին, քանի որ մենք ուժեղ ենք միասին:

-Ինչո՞ւ են բոլոր հայերը ձգտում դեպի Կալիֆորնիա՝ մասնավորապես Գլենդել, որն է այդ ամենի պատճառը ըստ ձեզ, և արդյոք այդ ձգտողները հասնելով նշանակետին՝ լինում են բավարարաված և երջանիկ:
-Բոլորը ձգտում են Գլենդել գալ, քանի որ ունեն ազգականներ և բարեկամներ, հետևաբար մտածում են միանալ իրենց հարազատներին: Բացի այդ Գլենդելը ԱՄՆ-ի 6-րդ ամենաապահով քաղաքներից մեկն է, ինչը ևս հրապուրիչ է դարձնում այն: Ինչ վերաբերվում է երջանիկ լինելուն՝ ֆինանսապես այո, ապահովված են լինում, բայց ապրելով երկար ժամանակ՝ իրենց զգում են որպես պանդուխտ և այստեղ արդեն գալիս է կարոտը դեպի Հայրենիքը: Հայրենիքի պակասը միշտ մնում է բոլորի մոտ, և երջանկությունը լիիրավ չի լինում:

-Ըստ ձեզ, որքանով է Հայաստանը տեղեկացված Սփյուռքի խնդիրներից և որքանով է տեղեկացված Սփյուռքը Հայաստանից:
-Ես կասեմ, որ Հայաստանի հայերը լիիրավ տեղեկացված չեն Սփյուռքի խնդիրներց, քանի որ իրենց հարազատների կողմից միայն տեսնում են գեղեցիկ մեքենաներ, լայն ու մեծ ճանապարհներ և այլն: Սակայն, խորը դժվարությունները և խնդիրները հայտնի չեն Հայաստանի հայերին: Սակայն եթե յուրաքանչյուր ոք ցանկանա, կարող է ավելի տեղեկացված լինել:  Պետք է միայն հետաքրքրված լինել և փնտրել ճշմարտությունը: Պատասխանելու համար այն հարցին, թե որքանով է Սփյուռքը տեղեկացված Հայաստանի մասին, պետք է այստեղի հայ հանրությանը երկու խմբի բաժանեմ՝ առաջին խումբը, որը բարեբախտաբար քիչ տոկոս է կազմում, բացարձակ հետաքրքրված չէ Հայաստանով և Հայաստանի խնդիրներով: Իսկ երկրորդ խումբը նրանք են, ովքեր ապրում են Հայաստանով, և կիսում են Հայաստանի բոլոր մտահոգություններն ու խնդիրները: Սիրով պետք է ասեմ, որ այս խմբի հայրենակիցների թիվը շատ ավելի մեծ է:

-Իսկ որքանո՞վ է նկատվում Գլենդելից արտագաղթի աճ դեպի Հայաստան (2018-2020) թվականներին, և արդյո՞ք կան թվային տվյալներ, փաստերներ գաղթողների մասին:
-Դժբախտաբար այդպիսի տվյալներ չկան և նաև ավելացնեմ ցավոք ներգաղթի համար դիմողների թիվը իմ կարծիքով փոքր է: Ես գիտեմ որոշ ընտանիքների, որ տեղափոխվել և այժմ ապրում են Հայաստանում, բայց երևի շատ քիչ է, քանի որ դեռ ավելի շատ շարունակվում է Հայաստանից արտագաղթ դեպի այստեղ, քան այստեղից դեպի Հայաստան:
Բայց ես պետք է ասեմ,որ ունեմ այդպիսի հույս, որ Հայաստան ներգաղթողների թվի աճը գնալով կավելանա:

Հարցազրույցը` Էդգար Այվազյանի