Search
Close this search box.

Ինչ է ասել նախագահ Սարգսյանն Արսեն Թորոսյանին. ուշագրավ հաղորդագրություն

Հունիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումը, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունն ունի հետաքրքիր տոնայնություն: Մասնավորապես նշվում է, որ «Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ»:

Նախագահի նստավայրի հաղորդագրության տողատակում նշմարվում է ոչ միայն անհանգստությունը համավարակի պատկերի վերաբերյալ, այլ նաեւ ակնարկը եւ կամ առավել եւս դժգոհությունը, որ արվում է աշխատանքի ընթացքում նախագահին «մոռանալու» առնչությամբ:

Արսեն Թորոսյանը ներկայացրել է վիճակը, բուժման գործընթացը, նաեւ առողջապահության նախարարության կարիքները: «Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում, օգտագործելով նաև անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը», նշված է հաղորդագրությունում:

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի թափ հավաքելուն, նաեւ արտակարգ դրության ու կարանտինի հայտարարմանը զուգահեռ, նախագահ Արմեն Սարգսյանը զբաղված էր տարբեր երկրների ղեկավարների, առողջապահական կազմակերպությունների, մասնագետների հետ հեռավար կապով, քննարկումներով, որոնց ընթացքում շոշափում էր նաեւ Հայաստանին անհրաժեշտության դեպքում օգնության հնարավորությունը:

Արդյոք այդ զրույցների ընթացքում ձեւավորվել է առարկայական բովանդակություն, որը փոխանցվել է պարետատուն կամ առողջապահության նախարարություն, բայց այնտեղ չի արժանացել համարժեք ուշադրության, ինչի վերաբերյալ որոշակի դժգոհությունն էլ կարող է նշմարվել հունիսի 5-ի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության բովանդակության տողատակում:

Կա՞ այդպիսի բան, թե ոչ: Թե օբյեկտիվ, թե նաեւ անցնող մեկ-մեկուկես տարիների ընթացքում Հայաստանի կառավարման համակարգում դրսեւորված մի շարք սուբյեկտիվ իրողություններ հիմք տալիս են մտածելու, որ այդպիսի բան լինել կարող էր: Այլ հարց է, միտումնավո՞ր, թե՞ պարզապես պայմանավորված աշխատանքի կազմակերպման որոշակի խնդիրներով կամ ծանրաբեռնվածությամբ:

Ինչ գործնական արդյունք կդրսեւորվի նախագահ-առողջապահության նախարար հանդիպումից հետո:
Նյութի աղբյուր՝1in.am