Search
Close this search box.

Քննարկել ենք նաև տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը. Նիկոլ Փաշինյան

Մեր հետագա անելիքների մասով մենք քննարկել ենք մի քանի սցենարներ: Ես չեմ ուզում թաքցնել, որ քննարկել ենք նաև տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը, ինչպես նաև պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակները: Այդ քննարկումների համատեքստում ես՝ ինքս, ներդաշնակ չեմ որոշումների որևէ մեկի կապակցությամբ: Մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ելնում են այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համաճարակի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. «Սակայն հարցն այն է, որ դա հիմնավորող ու ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, ոչ թե հոկտեմբերին, դեկտեմբերին, կամ 2021-ի փետրվարին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ անորոշությունները շատ են:

Վարչապետի խոսքերով իրական լուծումն անհատական վարքագծի փոփոխությունն է. «Ենթադրենք ինչ-որ հրաշքով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը Հայաստանում դարձել է զրո: Սակայն աշխարհում այն գոյություն ունի, ուստի, եթե անհատական վարքագիծ չփոխվի, այն պահին, երբ մենք բացվենք, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան ու մենք ամեն ինչ սկսելու ենք զրոյից»: