Search
Close this search box.

Իրար միս ուտելու օրեր են. Թևան Պողոսյան

Իրար միս ուտելու օրեր են։ Ա՜յ եթե կարողանայինք համաճարակի դեմ պայքարել նույնպիսի պրոֆեսիոնալիզմով ու եռանդով, ինչպես իրար ենք հոշոտում, որքա՜ն լավ կլիներ։ Մեզ մի բուռ հայրենիք ի պահ տված մեր պապերը հիմա գերեզմաններում շուռ են գալիս։ Այս ի՜նչ կատարելապես ենք կործանում ինքներս մեզ։

Սովորել ապրել միասի՞ն։ Չէ, չենք լսել։ Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, նստացնեմ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը։

Այս թոհուբոհի մեջ մի պահ հորդորեմ՝ սիրելիներս, եկեք սովորենք ապրել միասին։ Կամ մեզ կստիպեն ապրել այլ տեղում։ Դադարենք ամեն օր նոր բաժանարար գիծ անցկացնելուց. ալեկոծ ծովում նավի ճակատագիրը կախված է նավի մեջ գտնվող յուրաքանչյուրից։ Մոռանանք անձնական օրակարգերը։ Առաջնորդվենք միայն ազգային, հայկական օրակարգով։ Ստիպենք մեզ խոսելուց ամեն բառն ընտրել, որ լսելի լինեն միավորող բառեր։ Փայփայենք իրար։ Ապրենք իրար հանդեպ հոգատարությամբ։ Ի՞նչն է ստիպում անպայաման խոսել կյանքի ավարտի բառապաշարով՝ գերեզման, դագաղ, մեռնել, սպանել, վերանալ, չլինել… Սերունդները դաստիարակվում են ապագայի բառապաշարով՝ սիրել, միանալ, ծնվել, զարգանալ, օգնել, նպաստել, օժանդակել, հարգել…

Եկեք մի անգամ էլ փորձեք, հաստատ որևէ բան չի պակասելու մեր կյանքում, միայն ավելանալու է, գումարվելու է։

Իսկ մեր այսօրվա թիվ մեկ անվտանգային խնդիրը Ժողովրդագրությունն է (դեմոգրաֆիա)։ Մեզ շատ հայեր են պետք՝ պաշտպանելու Հայաստանը, մեր դարավոր իղձերն այս 3 միլիոնով պիտի իրականացնենք։ Ուրեմն ձև չունենք, պիտի շատանանք։

Թևան Պողոսյան