Search
Close this search box.

Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին. ինչ փաստարկներ են առաջ քաշվում

Հունիսի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել բնական գազի սակագների վերանայման հայտերը:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» դեռևս այս տարվա ապրիլի 1-ին էր դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից վերանայելու հայտով։ Անցած տարվա հունվարի 1-ից սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար Հայաստանը վճարում է 165 դոլար (նախկին 150-ի փոխարեն), բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը «Գազպրոմ»-ի հայտից հետո ասել էր, որ «Գազպրոմը» մտադիր է գազի գինը սպառողի համար բարձրացնել շուրջ 11 տոկոսով:

Պաշտոնական հրապարակված հայտից պարզ էր դարձել, որ եթե այժմ սոցիալապես անապահովները տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազի 1000 խորանարդ մետրի համար 100 հազար դրամ են վճարում, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է նրանց համար սակագինը դարձնել 135 հազար 909 դրամ՝ ճիշտ նույնքան, ինչ մյուս բնակիչների համար։ Ի դեպ, ըստ հայտի՝ «Գազպրոմն» առաջարկում է բնակիչների համար գինը նվազեցնել մոտ 4 դրամով։ Տնտեսվարողների համար գործող սակագները առաջարկում են բարձրացնել։

Ընդհանուր առմամբ, գազ սպառողների հինգ խմբեր կան, որոնց համար տարբեր գներ են սահմանված, վերջնական բաշխումը, թե որ խմբին գազը ինչ գնով է վաճառվելու է, որոշելու է հանձնաժողովը՝ հունիսի 4-ին։ Մինչ այդ՝ երեկ ՀԾԿՀ-ն առաջարկել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց։

ՀԾԿՀ-ն գտնում է, որ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Եթե շարքային սպառողների համար գազի գնի բարձրացում հանձնաժողովը չի նախատեսում, այդուհանդերձ, որոշակի բարձրացում, ըստ ներկայացված հաշվարկների, կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։ Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող գազի գինը, հանձնաժողովի հաշվարկներով, հիմնավորված կլինի բարձրացնել 212 դոլարից 224-ի՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմը» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։

Ամսական մինչև 10 000 խ/մ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս, ՀԾԿՀ-ի հաշվարկներով, պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ՝ 1000 խ/մ-ի համար, իսկ ամսական 10 000 խ/մ-ն գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255 դոլար։ Այսպիսով, ՀԾԿՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռույթային սակագինը 255 դոլարից կարող է հասցվել 266 դոլար՝ չթանկացնելով բնակիչ բաժանորդների գազը, և 12 դոլարով բարձրացնելով գյուղոլորտի ընկերություններին մատակարարվող գազի գինը։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր սահմանել 283 դոլար՝ 1000 խ/մ-ի համար։

Քաղաքական գիտությունների դոկտոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը, որը դեռևս ապրիլ ամսին մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ՀԾԿՀ-ն ռեալ հակափաստարկ չի կարող ներկայացնել այդ հայտը չընդունելու համար, և, ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը պարզապես որոշակի ժամանակ անց կկիրառվի նոր սակագինը, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԾԿՀ-ի ներկայացրած հաշվարկին, նկատեց, որ ՀԾԿՀ կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթը վկայում է այն մասին, որ Հայաստանում այլևս հնարավոր չէ ապահովել գազի ցածր սակագին: «Ակնհայտ է, որ հանձնաժողովի առաջարկներն ուղղված են կարճաժամկետ խնդրի լուծմանը, մինչդեռ մեր գազատրանսպորտային համակարգի ու գազի շուկայի առանձնահատկություններն անխուսափելիորեն արդիական են պահելու սակագների բարձրացման հարցը Հայաստանում: Հավանաբար, սակագների վերանայման խնդիր մենք կունենանք նաև հաջորդ տարի, եթե օր առաջ համակարգային քայլեր չնախաձեռնենք: «Գազպրոմ Արմենիա»-ի եկամտաբերության ներքին նորման կազմում է 9 տոկոս։

Սա բավականին բարդ ապահովվող ցուցանիշ է: Հաշվի առնելով ինֆլյացիան ու ընկերության մասշտաբային ներդրումային ծրագիրը՝ այդ նորմայի չապահովումը ստիպելու է գնալ սակագների բարձրացման ճանապարհով: Հետևաբար՝ հույժ անհրաժեշտ է հայ-ռուսական գազային բանակցությունները տանել Հայաստանի գազատրանսպորտային օպերատորի բիզնես մոդելի վերանայման ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց փորձագետը։

Նրա խոսքերով, իհարկե, պետք է հաշվի առնվեն նաև գազի կորուստները համակարգում, որոնք ևս բեռ են հանդիսանում սակագնային քաղաքականության համար: Մասնավորապես, ըստ Դավթյանի, տարեկան կորուստները գազատրանսպորտային համակարգում կազմում են 6,7 տոկոս, ինչը սակագնի կառուցվածքում կազմում է մոտ 11 դոլար: «Մյուս կողմից, մեծ է նաև աշխատավարձային ֆոնդի ազդեցությունը: Այսպես՝ 1000 խմ-ում աշխատավարձային ֆոնդի բաժինը կազմում է 19 դոլար»,-ասաց նա։

Փորձագետի խոսքերով՝ ողջունելի է, որ ՀԾԿՀ-ն առաջարկում է պահպանել գործող զեղչերը սոցիալական ու ընտանեկան նպաստի իրավունք ունեցողների համար: Ողջունելի է նաև 10 000 խմ-ից ավելի սպառողների համար սակագնի սահմանումը ոչ թե 283, այլ 255 դոլարի մակարդակում, ինչպես նաև ջերմոցային տնտեսության ու վերամշակող կազմակերպությունների համար սակագների ավելի զուսպ աճի առաջարկը, քանի որ այստեղ գործ ունենք բիզնես սեգմենտի հետ, որի համար կրիտիկական աճը կարող է հանգեցնել երկրում լուրջ գնաճի: Վերջինս, սակայն, անխուսափելի է ամեն դեպքում: «Չեմ կարծում, որ ՀԾԿՀ մեկնաբանությունները միանշանակ կընդունվեն «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից: Կարծում եմ՝ այժմ անհրաժեշտ է հնարավորինս ապաքաղաքականացնել հարցը: Քաղաքական շահարկումները, որոնք արդեն սկսվել են այս հարցի շուրջ, անընդունելի են ու կարող են խանգարել օբյեկտիվ որոշման կայացմանը»,- եզրափակեց Վահե Դավթյանը։