Search
Close this search box.

Դեսպանատները վիզա չեն տրամադրելու, ովքե՞ր են այդ օդանավերով գնալ-գալու․ սահմանների բացումն իրատեսակա՞ն է

Հայաստանի օդային հաղորդակցությունը նախնական ժամկետով նախատեսվում է վերաբացել հուլիսի կեսերից: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Մոտակա նիստերին կքննարկվի զբոսաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումը և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն՝ հուլիսի կեսերից»,- ասել է պարետը:

Նրա խոսքերով՝ կլինի համապատասխան կանոնների մշակում, որոնք կարող են հնարավորինս վարակի տարածման ռիսկը նվազեցնել, երբ խոսքը գնում է զբոսաշրջության ոլորտի մասին:

Մեր հարևան Վրաստանն էլ շուտով բացում է իր սահմանները զբոսաշրջիկների համար, սակայն ոչ Հայաստանի։ Սահմանվել է «կանաչ գոտու» երկրների ցանկ, որի շրջանակում Վրաստանը կընդունի տուրիստների։ Հայաստանն այդ կանաչ գոտում չէ, քանի որ գնալով երկրում աճում է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ու մահերի քանակը։

Սրան զուգահեռ, Եվրահանձնաժողովը (EASA) հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը:

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ Հայաստանը հուլիսի կեսերին հաղթահարած չի լինի կորոնավիրուսային համավարակը, հետևաբար՝ խոսել թռիչքների մասին, անիմաստ է։

«Համոզված եմ՝ դեսպանատները մեզ վիզա չեն տրամադրելու, մեկից մեկ։ Եթե վիզա չեն տրամադրելու, ովքե՞ր են գնալու-գան այդ օդանավերով։ Դատարկ հո չե՞ն գնալու։ Ուղևորներն էլ հիմնականում Հայաստանի քաղաքացիներն են։ Եթե վիզա չեն տրամադրելու, հատկապես շենգեն վիզա, ո՞ւր ենք թռնելու։ Հունաստանը փակվելու է, որովհետև ԵՄ անդամ է, չի թողնի Հայաստանից մարդ գնա։ Նույնիսկ Վրաստանը չի թողնում Հայաստանից մարդ գնա հանգստանալու։ Օդանավերն էլ չեն գա։ Էն ամբողջ ուժը, որը գործադրվեց Ryanair բերելու համար, պետք էր սեփական ավիաընկերությունը ստեղծելու վրա ծախսել»,- կարծիք հայտնեց Շահեն Պետրոսյանը։

Խոսելով Եվրահանձնաժողովի որոշման մասին, ոլորտի մասնագետն ասաց՝ իհարկե, իրավիճակի մեղավորը նախկիններն են, նախկինում եղած ապօրինությունները, սակայն այդ հանգամանքը նորերին չի արդարացնում։ Ըստ Պետրոսյանի՝ քաղավիացիայի պատասխանատու պաշտոնը քաղաքական է, քանի որ գործ ունես տարբեր օտարերկրյա պետությունների հետ։ «Այս իսկ պատճառով այդ պաշտոնին պետք է քաղաքական մարդ նշանակեր։ Սա քաղաքական պաշտոն է»,- հստակեցրեց մեր զրուցակիցը։

Քաղավիացիայի վարչության նախկին պետի խոսքերով՝ սահմանների բացվելուց հետո, Եվրոպական երկրների ավիաընկերությունները թռիչքներ կկատարեն դեպի Հայաստան, բայց իրավիճակը, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, գնալով վատանում է ու հարցականի տակ դրվում անգամ այդ վարկածը։ «Air France-ն էլ կթռնի, մնացածն էլ, բայց իրավիճակը գնալով վատանում է, ու կարող է նորից հետաձգեն դեպի Հայաստան թռիչքները։ Իրենք պլանավորել էին, որ հուլիսի կեսերից հնարավոր է դեպի Հայաստան թռնեն։ Նույնիսկ ես մի տեղ տեսա, որ Air France-ը տոմս է վաճառում հուլիսի 29-ից։ Բայց, ըստ երևույթին, կչեղարկեն, որովհետև Հայաստանում գնալով վիճակը վատթարանում է։ Իսկ հուլիսի կեսերին սահմանների բացման մասով հստակ չեմ կարող ասել։ Դա կախված է նրանից, թե մենք կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը մինչև գոնե ամառվա վերջ։ Այս տեմպերով ես մի քիչ կասկածում եմ, որ կհաղթահարենք»,- մանրամասնեց Շահեն Պետրոսյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ այսօր անհրաժեշտ է ամեն քայլ ձեռնարկել, անվտանգության նորմերը պահպանել, որպեսզի հնարավոր լինի հուլիսի կեսից օդային սահմանները բացել ու նպաստել միջազգային զբոսաշրջության վերականգնմանը։ «Ողջունելի է, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է, այդ գիտակցությունը կա։ Որ մտածում են այդ մասին, դա արդեն լավ է։ Առանց սահմանները բացելու չենք կարող խոսել միջազգային զբոսաշրջության վերականգնման մասին։ Զբոսաշրջությունն այն հզոր գործիքն է, որը նպաստում է կայուն տնտեսական զարգացմանը ու տնտեսության վերականգնմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Մեխակ Ապրեսյանը։

Խոսելով Վրաստանի որոշման՝ Հայաստանից զբոսաշրջիկների չընդունման մասին, Ապրեսյանը հույս հայտնեց, որ դա դեռ վերջնական որոշում չէ ու մեր գործընկեր պետությունը կվերանայի մոտեցումները։ «Ես չեմ կարծում, որ դա վերջնական որոշում է։ Դա կարծես թե քննարկվում է։ Եթե Վրաստանը նման որոշում կընդունի, դա հասկանալի կլինի, ըմբռնումով պետք է մոտենալ, քանի որ դա կապված է իրենց անվտանգության ապահովման հետ, իրենց հաշվարկներն են։ Բայց ես կարծում եմ, որ նման որոշում ընդունելիս ավելի շատ հարցվեր պետք է հաշվի առնել ու վերլուծել, որովհետև դա տնտեսական առումով վնասակար կլինի ոչ միայն Հայաստանի, նաև Վրաստանի համար։ Հայաստանը Վրաստանի համար եղել ու մնում է հիմնական դոնոր զբոսաշրջային երկրներից։ Մեծ թվով զբոսաշրջիկներ Հայաստանից գնում են Վրաստան, հատկապես ամռանը։ Իրենց ծովային այցելությունների մեծ մասն ապահովում է Հայաստանը։ Այս առումով ես համոզված եմ, որ Վրաստանի իշխանությունները սա հաշվի առնելու են»,- տեսակետ հայտնեց տուրիզմի ոլորտի մասնագետը։

Հարցին՝ իսկ ինչքանո՞վ կազդի Եվրահանձնաժողովի որոշումը տուրիզմի ոլորտի վերականգնման վրա, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց՝ դա ժամանակավոր է ու հույս կա, որ կկարգավորվի։ «Իհարկե, շատ լավ կլինի, որ մեր ավիաընկերությունները հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորեն խնդիրները, ու վերականգնվեն բոլոր տեսակի ավիափոխադրումները։ Հույս ունեմ, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սահմանափակումները ևս սահմանները բացելուց հետո արագ կկարգավորվեն։ Դրանից է կախված միջազգային զբոսաշրջությունն ու տնտեսության զարգացումը։ Այլ երկրների հետ մրցակցությունը օդային ու ցամաքային կապով շատ կարևոր է»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը։

Այս ընթացքում, երբ միջազգային զբոսաշրջությունը դադարել է, երկրների միջև համագործակցություն չկա, ոլորտի մասնագետը գտնում է, որ պետք է զարգացնել ներքին տուրիզմը։ Դրա համար անհրաժեշտ է կառավարության կողմից աջակցության ծրագրեր, գտնում է Ապրեսյանը։ «Ես ասել եմ, որ մի քանի քայլ պետք է կատարվի պետական քաղաքականության շրջանակում։ Մինչև կվերականգնվի միջազգային զբոսաշրջությունը, մինչև սահմանները կբացվեն, առաջ է գալիս ներքին զբոսաշրջության՝ ավելի լավ տեմպով զարգացման ու խթանման անհրաժեշտությունը։ Այստեղ և՛ պետական, և՛ մասնավոր հատվածի միջև համագործակցության անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն»,- ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։