Search
Close this search box.

ՀՀ ԶՈՒ-երը պատրաստ են, բայց ՀՀ ղեկավարի առողջական վիճակը հակառակորդի համար ագրեսիայի հիմք լինել չի կարող

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան 45-րդ տարեդարձի օրը հայտարարեց՝ ինքն ու իր ընտանիքը վարակված են կորոնավիրուսով։ Ընտանիքի անդամներից որևէ մեկն այս պահի դրությամբ ախտանիշ չունի, ինքն էլ առաջնագիծ մեկնելուց առաջ պրոֆիլակտիկ թեստ է հանձնել ու պարզել վարակված լինելու մասին։

Այժմ, երբ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը վարակված է կորոնավիրուսով, կարո՞ղ է Ադրբեջանը գնալ արկածախնդրության։ Առհասարակ, մեր երկիրը որքանո՞վ է պատրաստ այսպիսի մարտահրավերներին։ Որևէ մեկը չէր կարող կանխատեսել այսպիսի համավարակ, բայց ֆորս-մաժորներին պատրաստ լինել միշտ է պետք։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ վարչապետի վարակված լինելու հանգամանքը չի կարող Ադրբեջանի համար ագրեսիայի հիմք լինել։ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ վարչապետի ուղիղ եթերներից պարզ է դառնում, որ վերջինիս աշխատում է, ստատիկ իրավիճակում է. «Եվ, բարեբախտաբար, մեր պետությունն այնքան կայացած է, որ նույնիսկ, Աստված չանի, եթե վարչապետը լինի ավելի լուրջ անգործունակ վիճակում՝ կասկածում եմ, որ համակարգերը կդադարեին աշխատել։ Ես առհասարակ զարմանում եմ, որ նման հարց է առաջանում։ Կրկնում եմ՝ դատելով վարչապետի ուղիղ եթերներից՝ նա գործունակ վիճակում է, և նույնիսկ տեսական վտանգ չկա»։

Ինչ վերաբերում է համաճարակային ընդհանուր իրավիճակին և դրանով պայմանավորված պատերազմ սկսելու հավանականությանը, մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ կարծում, որ այս պահի դրությամբ իրավիճակը երկու պետություններում այնքան ծանր է, որ ավանտյուրիստական պատերազմ սկսվի «միևնույն է՝ ավելի վատ չի լինի» սկզբունքով։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ «կորցնելու բան չունենալու» սկզբունքով պատերազմ սկսվի։ Մենք էլ այդ քայլին չենք դիմի՝ դա մեզ ուղղակի պետք չէ, Ադրբեջանն էլ չի սկսի, որովհետև կորցնելու շատ մեծ բան ունի, շատ վատ վերջաբան կունենա իր համար։ Ապրիլյան պատերազմը լիարժեք չավարտվեց, այս անգամ կարող է այդպես չլինի»։

Մհեր Հակոբյանն ընդգծեց՝ այդ հավանականությունն ավելի մեծ էր մի քանի ամիս առաջ, բայց այդ պահի դրությամբ նման սցենարն օր օրի ավելի փոքրանում է։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը ևս այն կարծիքին է, որ վարչապետի առողջական վիճակը չի կարող ագրեսիայի համար հիմք հանդիսանալ։ «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ամեն վայրկյան պատրաստ են հակառակորդի գործողություններին, և կապ չունի ՀՀ ղեկավարի վիճակը և նաև՝ թե ով է ՀՀ ղեկավարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Փորձագետը միևնույն ժամանակ նշեց՝ հակառակորդի կողմից ագրեսիայի վտանգ միշտ էլ կա, բայց դա երկրի ղեկավարի առողջական վիճակով պայմանավորված լինել չի կարող։