Search
Close this search box.

Ես երեկ շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ. Նիկոլ Փաշինյան

Ես երեկ շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ: Ամեն ինչը պարզ է, սակայն ես ուզում եմ հասկանանք, որ իմ գործելու մեթոդը մնում է նույնը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով քաղաքացիների մասնակցությունը. «Բա առանց ժողովրդի ոնց էինք իշխանափոխություն անելու: Մենք սուպերմե՞ն ենք,կախա՞րդ ենք, մո՞գ ենք: Նույնն էլ այստեղ է՝ մարդն ուզում է օգնել համավարակի տարածմանը, թե՞ օգնել դրա կանխմանը: Ես հասկանում եմ, որ Հայաստանում լիքը մարդ կա, ովքեր նպաստում են ամեն ինչին»:

Փաշինյանը նշեց, որ սխալներ բոլորն են անում, այդ թվում նաև ինքը. «Ինչ վերաբերում է Արցախում արված լուսանկարին, ապա ասեմ, որ այդ ինաուգուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակներում:

Հիմա մենք խոսում ենք բանկերի կուտակումների մասին, խոսում ենք կարգը, օրենքը խախտելու մասին: Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել: Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցի է ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»:

Վարչապետի խոսքերով, սա առողջապահական խնդիր չէ, առողջապահությունն ինչ կարողանում է, անում է, մի բան էլ ավել․ «Սա կարգուկանոնի խնդիր է:

Ես, որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կագուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ ըտենց բան»,-ասաց նա՝ հավելելով, որ սովոր չէ նման բանի. «Մենք իրար հետ խոսել ենք, պայմանավորվել ենք, արել ենք: Հա, էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել իրար հետ պայմանավորվելով, բացատրելով, կոչ անելով, հարգելով:

Հիմա սա ուզում ենք փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է, իմը չէ: Այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ: Սեփական ժողովրդի հետ ո՞նց էտպես վարվենք»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանկային համակարգը, «Հայփոստ»-ը պետք է իր հարցերը լուծի, սակայն դա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն լինելու: