Search
Close this search box.

Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ՔԿ-ում քննվող քրեական գործով մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ կետով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, ինչը առաջացրել է ծանր հետեւանքներ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 միլիոն ՀՀ դրամ գրավը:

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին հայտնի դարձավ, որ Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ:

Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձավ մեղադրյալ ներգրավելու որոշմանը՝ ասելով, որ այն ակնհայտ անհիմն է. «Նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող հրապարակել մեղադրանքի բովանդակությունն ու փաստական հանգամանքները, սակայն կարող եմ միանշանակ արձանագրել, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, բացի այդ՝ հաշվի առնելով արդի քաղաքական իրողությունները և զարգացումները, գտնում եմ, որ այն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որից կարելի է եզրահանգել, որ սույն քրեական գործով ակնկալել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ուղղակի միամտություն է, քանի որ քրեական գործում ոչ թե բացակայում են Արման Սահակյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, այլ ավելին` քննիչի կողմից որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կվկայի այն մասին, որ Արման Սահակյանը կատարել է իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը»,- գրել էր պաշտպանը:

Արման Սահակյանը 2011-2018 թթ աշխատել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում։