Search
Close this search box.

21-ամյա ուսանողը վրաերթի է ենթարկել 9 տարեկան տղայի. երեխան կոմայի մեջ է ընկել

1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Նոր Նորք» նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Հ.-ի գործի դատական քննությունը:

1996 թվականին ծնված Գրիգոր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում Գրիգոր Հ.-ն իր անձնական օգտագործման «ՎԱԶ-21074» մեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցով՝ Ռիգայի փողոցի կողմից դեպի Փափազյան փողոց: Նա մեքենան վարել է մայթեզրից մոտ 2 մետր հեռավորությամբ, շուրջ 40 կմ/ժ արագությամբ:

Չհասած Ա. Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկ, տեսնելով, որ իր ընթացքի ուղղությամբ խցանում է, մեքենաները շարված են իրար հետևից, Գրիգոր Հ.-ն իր վարած մեքենան մասամբ դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում մեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել խցանման մեջ իրար հետևից կանգնած մեքենաների միջև եղած տարածությունից վազքով փողոցը հատող անչափահաս՝ 2008 թվականին ծնված Արեն Ա.-ին՝ անզգուշությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Երեխան անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ենթարկվել է մի քանի վիրահատության՝ գանգոսկրի ու գլխուղեղի ծանր վնասվածքների պատճառով, բայց կոմայից դուրս չի եկել: Երեխային նաև Հունաստան են տարել, որտեղ բուժման կուրս է անցել…

Պատահարի վայրի զննության արձանագրության համաձայն՝ եղանակը վրաերթի պահին եղել է չոր ու պարզ: Վրաերթ կատարած մեքենայի արգելակման հետքեր չեն հայտնաբերվել: Պատահարի վայրում տեսանկարահանող սարքեր չեն եղել:

Պատահարի արդյունքում վնասվել են «07»-ի առջևի աջ դուռը, շարժիչի ծածկոցը, աջ լուսարձակը:

Կատարվել է այդ մեքենայի վարորդ Գրիգոր Հ.-ի սթափության ստուգում՝ նա սթափ է եղել:

Գրիգոր Հ.-ին տրվել են բնութագրեր՝ բնակության վայրից, ուսումնական հաստատությունից, ծառայության վայրից:

Գրիգոր Հ.-ն ծառայել է բանակում, մասնակցել է Ապրիլյան քառօրյայի մարտական գործողություններին: Եղել է սերժանտ: Ըստ ծառայողական բնութագրի՝ նա զուսպ է, հարմարվող, լավ ծառայող: ՊԲ զորամասի հրամանատարի կողմից տրված շնորհակալագրում՝ ուղղված Գրիգորի ծնողներին, գրված էր՝ «Երիցս շնորհակալ ենք…»:

Գրիգոր Հ.-ն երևանյան բուհերից մեկում է սովորում, բնութագրվել է որպես «պրպտող ուսանող»:

Բնակության վայրից տրված բնութագրում Գրիգոր Հ.-ն ներկայացվել էր որպես «աշխատասեր, պարկեշտ, համեստ, հոգատար, ազնվաբարո…» երիտասարդ՝ «ազնվաբարո հայ տղամարդու չափանիշ… Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր…»:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գրիգորի մեքենան տեխնիկապես եղել է սարքին վիճակում՝ արգելակները, ղեկային համակարգը աշխատունակ են եղել:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ դեպքի պահին Գրիգոր Հ.-ն չի ունեցել վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, սակայն այդ իրավիճակում հայտնվել է իր սխալ գործողությունների արդյունքում՝ նա խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները՝ տեսնելով, որ իր ուղեմասը խցանված է, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս ու թույլ է տվել երեխայի կյանքը վտանգի ենթարկած վրաերթը…

Ըստ բժշկական փաստաթղթերի՝ տուժող երեխան ստացել է գանգի թաղի ու հիմի կոտրվածքներ, գլխուղեղի ծանր վնասվածքներ, ասպիրացիոն թոքաբորբ, աջ ցայլոսկրի կոտրվածք, առաջացել են գլխուղեղի կոնտուզիոն օջախներ… Երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվել է երկրորդ աստիճանի կոմայի մեջ… Կատարվել են գլխի վիրահատություններ, գանգի տրեպանացիա… Առաջացել է գանգի հետվիրահատական դեֆորմացիա… Բուժում է կատարվել գլխուղեղի այտուցի դեմ… Վիճակը կայունացել է, բայց խոսակցական կոնտակտը բացակայում է…

Երեխային հաշմանդամության կարգ է տրվել…

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: