Search
Close this search box.

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ քսանօրյա ժամկետում պետք է ձեւավորի նոր կառավարությունը: Այսօր նա կատարելու է կադրային առաջին նշանակումները:

Մեր ունեցած նախնական տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում Լեւոն Մնացականյանին փոխարինելու է Աշոտ Հակոբջանյանը: Վերջինս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

Նույն այդ տեղեկություններով՝ Արցախի ԱԱԾ պետի պաշտոնում նշանակվելու է Կամո Աղաջանյանը: Վերջինս 2013-2018թթ. զբաղեցրել է ոստիկանապետի պաշտոնը եւ հրաժարական տվել ուժային կառույցների դեմ արցախցիների բողոքի ցույցերի արդյունքում: Մինչ այս ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Սերգեյ Շահրամանյանը:

Արցախի նոր կառավարությունում պաշտոն կստանա նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Բաբայանը նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցրել է Արշավիր Ղարամյանը: Մայիսի 20-ին իր դիմումի համաձայն՝ նա ազատվեց այդ պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը, այսօր ուղիղ եթերում խոսելով Բաբայանի ղեկավարած կուսակցության հետ համագործակցության հուշագրի ստորագրման մասին, հայտարարեց, որ դա համարում է իր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը: Անդրադառնալով Բաբայանի հետ համագործակցության վերաբերյալ քննադատություններին՝ Հարությունյանը նշեց.

«Կոչ եմ անում մյուս քաղաքական գործիչներին՝ մի վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի փորձեք մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այդ բառերը օգտագործողներն են ծախվողները»: Հարությունյանը նկատեց, որ իրենք ոչ թե պաշտոն են տալիս ինչ-որ մեկին, այլ առաջարկում են պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արայիկ Հարությունյանին քննադատող եւ ամենավերջին բառերով հայհոյող գործիչը դարձել է Արայիկ Հարությունյանի թիմակիցը: Սամվել Բաբայանը հերթական քաղաքական առևտրականն է: Նա վաճառում է իր ստացած ձայները՝ ստանալու որոշ պաշտոններ գործադիրում, անձամբ իր համար՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Բնականաբար, անվտանգության խորհրդի համար նոր հաստիքներ կառանձնացնեն, եւ Ս. Բաբայանը հանարավորություն կունենա իր մի շարք թիմակիցների ապահովել աշխատավարձով: Երեւի ծառայողական ավտոմեքենա եւ թիկնապահ էլ կունենա»:

Ի դեպ, նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից Մասիս Մայիլյանը հավանաբար կպահպանի Արտգործնախարարի պաշտոնը: Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան եթերում ասաց, որ հետագա համագործակցության առումով բավական լուրջ հաջողություններ են արձանագրել նաեւ Մասիս Մայիլյանի հետ բանակցություններում:

Այսօր Արայիկ Հարությունյանը Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կներկայացնի նաեւ նոր տնօրեն Կարեն Սարգսյանին: Գործող տնօրեն Վլադիկ Խաչատրյանը կազատվի պաշտոնից: Նշենք, որ Կարեն Սարգսյանն ավելի վաղ զբաղեցրել է ԱԻ ծառայության տնօրենի պաշտոնը:

Այսօր ֆեյսբուքյան եթերում Արցախի նոր նախագահն ընդգծեց, որ առաջիկա օրերին կփորձի ավարտել բոլոր նշանակումները, որպեսզի հունիսի 1-ից ունենան արդեն ձեւավորված կառավարություն, իշխանություն: