Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղևորներն իջեցվել են, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվել տարածքային բաժիններ

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։ Մայիսի 18-ից հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են հիշյալ կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից և դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։ Հայտնաբերվել է 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են հիշյալ պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։ Հայտնաբերվել է 145 անձ, որոնք դիմակ չեն ունեցել։ Այս փաստերով ևս կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից։