Search
Close this search box.

Երկու ավտոբուս ոստիկան դուբինկաներով լցվել են քաղաք․ քաջարանցիները ահազանգում

Քաջարանցիները ահազանգում են, որ այսօր` մայիսի 25-ին, քաղաքում բազմաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել, որոնք քաղաքում վախի մթնոլորտ են տարածում:

«Վաղ առավոտից դուբինկաներով լցվել են քաղաք, վախի մթնոլորտ է, երեխաները վախենում են տնից դուրս գալ: Իմ 12 տարեկան թոռնիկն էսօր վախեցավ տնից դուրս գալ, լացեց: Էս պահին էլ երկու մեծ ավտոբուսով ուժային կա քաղաքում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի բնակիչներից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը:

Կինը հայտնեց, որ իր տեղեկությամբ նախօրեի ցույցի մասնակիցներին տուգանում են:

Հիշեցնենք, որ Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախօրեին ձերբակալություններ էին տեղի ունեցել, ինչից հետո բազմամարդ հավաքով քաջարանցիներն իրենց բողոքն էին հայտնել, նշելով, որ ձերբակալվածները բռնության են ենթակվել եւ ապա հայտարարել էին, որ թույլ չեն տա նրանց Երևան տեղափոխել: Մոտ երկու ժամ անց ցուցարարները համաձայնել էին դադարեցնել ակցիան եւ ծափահարություններով ձերբակալվածներին Երեւան էին ճանապարհել: Ցույցի վայրում էր նաեւ Քաջարանի քաղաքապետը, որը, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նույնպես մասնակցել է ծեծկռտուքին։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն և Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ.-ին և Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի և Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն և Ա.Փ.-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

2020թ․մայիսի 24-ին Խ. Մ-ն, Մ. Ս-ն և Լ. Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Նրանցից երկուսն այսօր ազատ են արձակվել, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրանց ձերբակալությունները։