Search
Close this search box.

ՈՒղիղ միացում. Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի նոր բռնկման մասին

Քիչ առաջ ավարտվեց պարետատան նիստը, և ունեցանք վերջնական եզրակացություններ, թե ինչու են կորոնավիրուսի վարակման դեպքերն սկսել աճել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են և մեր դեպքերի նույնիսկ մինչև 80 տոկոս դեպքերը արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտներում»,- ասաց նա և նշեց, որ եթե անվտանգության կանոնները պահպանվեն, բռնկման այդչափ դեպքեր չենք ունենա:

Վարչապետը նշեց, որ տնտեսական առումով Հայաստանը չէր կարող փակված մնալ: «Երկու ընտրություն կա՝ զուտ տնտեսական ընտրություն և զուտ առողջապահության ընտրություն, և մենք փորձել ենք և փորձում ենք գնալ հավասարակշռված մոտեցման: Այո, կորոնավիրուսի, ըստ էության, նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է, բայց գնաճի առումով ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք»,-ասաց նա և նշեց, որ մեր երկիրը ազգային արժույթի առումով կայուններից մեկն է:

«Մենք կատարել ենք, այնպիսի ընտրություն, որ փորձենք իրավիճակը պահել մաքսիմալ հավասարակշռված: Ասում ենք, որ սպասարկման ոլորտն է ամենամեծ դեպքերը բերել և բանկային համակարգում՝ մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային 9-րդ ծրագիր ենք արել, ովքեր իրենց օգնությունը ստանալու համար պետք է գնային բանկեր: Բանկերը ոչ բոլոր դեպքերում պատշաճ կերպով պահեցին անվտանգության կանոնները և ստացվում է, որ մենք մեր օգնություններով մարդկանց օգնել ենք վարակվել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավիճակը բարդանում է, ապա ավելացրեց, որ խստագույն հսկողություն պետք է սահմանեն անվտանգության կանոնների պահպանման հարցում, նաև պատժողական քաղաքականություն են իրականացնելու, ինչպես նաև բացատրական աշխատանք են շարունակելու տանել մարդկանց հետ:

Վարչապետն այստեղ կարևորեց մարդանց գիտակցության հետ աշխատելը, որը իր ճանաչած ամենախորքային մեթոդն է: «Իմ բանաձևը ինչպես տասը, տասնհինգ տարի առաջ էր, այնպես էլ հիմա է, որ իրականության գործիքի փոփոխությունը անհատի փոփոխությունն է, և մեր թիվ մեկ գործիքը մնում է անհատական վարքագծի փոփոխությունը, և ես այդ ուղերձով եմ դիմում մարդկանց»,- ասաց նա և նշեց, որ որոշակի լծակներ կգործարկեն:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դաժան ձևով փակվելու են այն ընկերությունները՝ գեղեցկության սրահները, սրճարանները, բանկերը, որոնք անվտանգության կանոնները չեն պահում և նույնիսկ հրահանգել է, որ եթե կրկնակի խախտումներ անեն, ապա նաև երկար ժամանակով կփակվեն և նույնիսկ եթե պետք լինի այդ իրավախախտների անուններ պետք է հրապարակվեն, որպեսզի մարդիկ իմանան, որ անվտանգ չէ այդ ծառայություններից օգտվելը:

«Մեր մասնագետները հետազոտություն են արել, որը ցույց է տալիս, որ դիմակի կրման կուլտուրան հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը: Արդյունքը ստացվում է դիմակի որակից և դիմակի կրման որակից»,-ասաց նա:

Այսպիսով` վարչապետը նշեց, որ որոշում են կայացրել, որ առևտրի բոլոր մասնակիցները, անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով, այսինքն՝ և´ գնողը, և´ վաճառողը պետք է լինեն դիմակով:

Հաջորդ որոշումը վերաբերում է տրանսպորտային միջոցներին: Վարչապետը նշեց, որ ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդկանց առկայության դեպքում, առանց բացառության, պետք է բոլորը լինեն դիմակով, իսկ եթե չլինեն, խստագույն վարչական պատասխնատվության կենթարկվեն: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե այս կանոնը, ձեռքերի ախտահանման կանոնը պահում ենք, ապա զրոյացնում ենք կորոնավիրուսի դեպքերը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիմակի գներին, ապա վարչապետն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների հետ կապված հետաքննություն կանի և կգա եզրակացության, սակայն ավելացրեց, թե մասնագետները նշում են, որ տանը պատրաստված դիմակները ևս կարող են լինել արդյունավետ:

Վարչապետը շատ կարևոր վարքագծային կանոն համարեց այն, երբ փողոցով քայլելիս անձիք հանդիպեն ծանոթին խոսակցություն չվարեն առանց դիմակի կամ խոսելիս պահել մեկուկես մետր հեռավորություն: «Այստեղ խուճապի մատնվելու առիթ չկա, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է խուճապի մատնվի այն առումով, որ անհատական պատասխանատվությունը պետք է մեծանա և դրանք խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա: