Search
Close this search box.

Թբիլիսին Թորոսյանից պահանջում է՝ կա՛մ ապացուցիր, կա՛մ ներողություն խնդրիր

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի բարձրացրած հարցերը կորոնավիրուսով վարակման փոքր թվերի մասին վրդովմունքի ալիք են առաջացրել Վրաստանում։

Արսեն Թորոսյանը երեկ Հանրային խորհրդի նիստի ընթացքում խոստովանեց, որ Վրաստանում ընդունված և մինչ օրս գործող սահմանափակումները ավելի արդյունավետ էին, ուժեղ և խիստ։ Սակայն նա կասկած հայտնեց վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ, նշելով, որ Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավն է, քան հարևան երկրում։

Արտահայտությանը կոշտ է արձագանքել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ Վրացի լրագրողների հետ զրույցում նա Թորոսյանի հայտարարություններն անվանել է ոչ կոռեկտ. «Չեմ կարծում, որ պարոն Թորոսյանը մեզնից պետք է սովորի, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություններ անի, հատկապես, եթե դրանք փաստերով հիմնավորված չեն»,-ասել է Ցերցվաձեն։

Նա օրինակ է բերել վիճակագրությունը․ մայիսի 22-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է COVID- 19-ով վարակման 728 դեպք, Հայաստանում՝ 6302, որոնցից 77 մարդ մահացել են։ Այդ տեսանկյունից Ցերցվաձեն կարծում է, որ Թորոսյանի հայտարարությունը, թե Հայաստանում համաճարակաբանական համակարգն ավելի ուժեղ է, քան Վրաստանում, մեղմ ասած՝ ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ։

Նա ընդգծել է, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերումն ու գրանցումը կատարվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, և դա դեռ ոչ ոք կասկածի տակ չի առել։

«Պարոն նախարարը կա՛մ պետք է հաստատի իր, մեղմ ասած, ոչ կոռեկտ գնահատականները, կա՛մ ներողություն խնդրի»,-ասել է նա։
Ցերցվաձեն ընդգծել է, որ Վրաստանում կա ամբողջ տարածաշրջանում եզակի «Լուգարան», ուստի բոլոր հետազոտություններն ու թեստերն անցկացվում են բարձր մակարդակով։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի ղեկավար Մարինա Էզգուբայան իր հերթին լրագրողներին ասել է, որ Վրաստանում վարակման դեպքերի բոլոր գոյություն ունեցող տվյալները ճշգրիտ են, ոչ մի դեպք չեն թաքցրել։

Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն նշել է, որ Վրաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն իր վիճակագրության մեջ ներառում է միայն PCR թեստերը և հաշվում է բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին ծանր և ծանր. «Մենք չենք հաշվում, թե երկրում քանի արագ թեստ է արվել։ Դրանք մոտ 10 հազար են։ Արագ թեստերը վիճակագրության մեջ չենք ներառում, մեզ մոտ միայն PCR թեստավորում է»,-ասել է նա։