Search
Close this search box.

Պուտինը նախազգուշացնում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է երկրում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի հավանականության մասին եւ առողջապահության նախարարությանը հանձնարարել դրան պատրաստվել, հայտնում է ՌԲԿ-ն:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակումների նոր բռնկումը հնարավոր է աշնանը:

«Սահմանափակումների ռեժիմից աստիճանաբար դուրս գալով, որում այսօր դեռեւս զգալի չափով ապրում ենք, մենք պետք է մտածենք այն մասին, ինչի մասին ասում են մասնագետները եւ այստեղ ներկա եղողները, նաեւ արտասահմանում նրանց գործընկերները, որ կարող է լինել նաեւ մյուս ալիքը, ինչը հնարավոր է աշնանը՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերին: Մենք սա եւս պետք է հաշվի առնենք եւ նույնպես պատրաստ լինենք իրավիճակի նաեւ այդպիսի զարգացմանը»,- ասել է ՌԴ նախագահը երկրում սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Շատ մասնագետներ են ասել այն մասին, որ համաճարակը, բարձրակետին հասնելով, գծային զարգացում չունի: Կոմունարկայում ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, որն ինքն էլ կորոնավիրուսից ապաքինվել է, նախազգուշացրել է, որ վարակակիրների թվով բարձրակետին հասնելը համաճարակի արագ մարման եւ ավարտի նախանշանակ չէ: Նա պարզաբանել է, որ համաճարակներն այլ օրենքներով են զարգանում, եւ հնարավոր է ոչ թե երկու, այլ երեք ալիք: