Search
Close this search box.

Արթուր Վանեցյանը միացավ Միքայել Մինասյանին

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել, թե ստեղծված իրավիճակում Հայաստանի համար վատթար իրավիճակը կանխարգելելու համար պետք է հակաճգնաժամային ժամանակավոր նոր կառավարություն ձևավորել: ԱԱԾ նախկին պետի հայտարարությունը հաջորդել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որում նա «Իմ քայլին» կոչ էր անում անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ընտրել նոր վարչապետ՝ նշելով, որ «Իմ քայլում» կան այդ կարգավիճակի այլ պատրաստված թեկնածուներ, և մեծամասնության պատգամավորները գիտեն այդ մասին:

Միքայել Մինասյանի այդ հայտարարություն-գրառումը գուցե ուներ ընդամենը մեծամասնության ներսում որոշակի ինտրիգային, կասկածի մթնոլորտ, գուցե «վհուկների որսի» գործընթաց խթանելու և ներքին քայքայման գործընթաց առաջացնելու նպատակ: Բայց դա թերևս չափազանց պարզ, անգամ պարզունակ կարող է դիտվել առկա իրավիճակում: Միաժամանակ, Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է, որ, այդուհանդերձ, գրառումը ըստ ամենայնի կամ ընկալվում, կամ ներկայացնում է քաղաքական որոշակի թրենդ, որ ծավալվում է ներկայիս իշխանության կամ վարչապետ Փաշինյանի ընդդիմախոսների շրջանակում:

Միքայել Մինասյանի և Արթուր Վանեցյանի հայտարարություններում նկատելի է որոշակի սինքրոնություն՝ այն իմաստով, որ փաստորեն դրվում է նոր կառավարության հարց, թեև մի դեպքում ուղիղ իմաստով կոչ է արվում «Իմ քայլին», մյուս դեպքում ընդամենը խոսվում է հակաճգնաժամային ժամանակավոր կառավարության մասին:

Արթուր Վանեցյանն այդպիսով, այսպես ասած, լրացնո՞ւմ է Միքայել Մինասյանի առաջ քաշած միտքը կամ թեման, ընդ որում՝ ներկայացնելով անգամ ժամանակավոր կառավարությունը գլխավորելու թեկնածության հայտ, թե՞ ԱԱԾ նախկին պետը, Մինասյանի գրառման մեջ տեսնելով որոշակի մրցակցային հանգամանք, փորձում է չմնալ հետ և լինել գործընթացում: Արդյոք Արթուր Վանեցյա՞նն է այն 1-2 երկու թեկնածուներից մեկը, որոնց մասին խոսում էր Միքայել Մինասյանը «Իմ քայլին» ուղղված կոչում, թեև իհարկե Վանեցյանը դիտվում է ոչ թե մեծամասնության շրջանակի, այլ հակառակը՝ հակառակ ճամբարի ներկայացուցիչ և ավելի շատ ասոցացվում է նախկին իշխանության հետ:

Միաժամանակ այդ հանգամանքը առավել հետաքրքիր է դարձնում Մինասյանի գրառում-կոչից հետո նույն թեմատիկայի շրջանակում Արթուր Վանեցյանի գրառումը: Հաշվի առնելով այն, որ ԱԱԾ նախկին պետն առավելապես ասոցացվում է նախկին իշխանության, այդ թվում՝ Միքայել Մինասյանի հետ, նրա գրառումը մեծ հաշվով հենց այդ իմաստով ընդգծում է նախկին դեսպանի հայտարարությունը, ինչը կարող է խորացնել հայտարարության, այսպես ասած, հանրային արձագանքի բացասականության աստիճանը:

Ինչի համար է դա անհրաժեշտ ԱԱԾ նախկին պետին, թեև, իհարկե, ընդհանուր առմամբ բաց է նաև հարցը, թե ինչի համար էր կոչը շրջանառելն ընդհանրապես անհրաժեշտ Միքայել Մինասյանին: Իհարկե հնարավոր է, որ Արթուր Վանեցյանին էլ դա հետաքրքրել է, և չունենալով հարցի ստույգ, սպառիչ պատասխան՝ նա, այսպես ասած, շարունակել է հայտարարությունը՝ գործընթացը կամ թեման բաց չթողնելու և, ըստ այդմ, որոշակի վերահսկողություն կամ թեմայի մեջ իր «բաժնեմասն» ունենալու համար:

Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ երկու գրառումն էլ բուն հասցեականության իմաստով թերևս ամենավերջինն են հասցեագրված հանրության լայն շերտերին և ավելի շատ ուղղված են քաղաքականության անմիջական սուբյեկտներին: Բայց, ի վերջո, կասկածից վեր է մի բան, որ վերջին խոսքը հանրությանն է, ըստ այդմ՝ անխուսափելի է քաղաքական խոսք, որն իրավիճակ փոխի առանց հանրային հավանության: Այդ տեսանկյունից Հայաստանը թերևս բավականին հեռու է այդ փուլից, որի առայժմ նկատելի պայմանական «կետը» 2023 թվականին նախատեսված խորհրդարանի հերթական ընտրությունն է:
Նյութի աղբյուր՝ 1in.am