Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականում մի քանի ամսից ամեն ինչ լավ չի լինելու. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի մասին

Մեկուսացումից ինքնամեկուսացման անցումն էլ ավելի ուժերի գերլարվածություն է պահանջելու մեզանից: Երբ մենք քաղաքացիներին պահում էինք հյուրանոցներում, դա շատ էական հակահամաճարակային միջոցառում էր, քանի որ միայն հիվանդանոցներում եղած քաղաքացիներից մենք ունեցել ենք 1000 դեպք: Այսինքն, մենք այդ հազար հոգուն կարող էինք բաց թողնել մեր տեսադաշտից ինչի արդյունքում նրանք կլինեին պոտենցիալ վարակակիրներ այլ քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսուհետ մենք չենք կարողանալու դա անել, ինքնամեկուսացումը պետք է լինի մեր հիմնական գործիքը: Դրա համար կան տարբեր տեխնիկական միջոցներ, կան նաև դաշտային միջոցներ, այսինքն, երբ մարդիկ զբաղվելու են այդ մարդկանցով, դա չի անելու միայն տեխնիկան: Մենք այդ գործիքները պահելով պետք է հսկողության տակ պահենք իրավիճակը, քանի որ հայտնի չէ, թե երբ է այս ամենն ավարտվելու:

Մենք երկար պետք է պատրաստվենք վարակի օղակները կոտրելով: Դա պետք է անենք այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վարակվել ու լավացել՝ անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը հորիզոնում չի երևում: Կամ էլ պատվաստանյութ պետք է լինի, որը փրկություն կլինի: Սակայն մոտակա 1-2 տարում պատվաստանյութ ունենալու հույսերը շատ փոքր են»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքերով, նույնիսկ, եթե պատվաստանյութ լինի, դրա փորձարկման համար ժամանակ է պետք. «Ես սա ասում եմ, որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ է լինելու, իրականում ամեն ինչ լավ չի լինելու: Լինելու է կամ այսպես, կամ հարաբերականորեն լավանա, կարող է շատ վատանա»: