Search
Close this search box.

Ավազակային հարձակում Երևանում. երկաթյա ձողով հարվածել են «Մալաթիա» տոնավաճառի դրամի փոխանակման կետի աշխատակցի գլխին ու հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Այսօր՝ մայիսի 22-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և 132 շենքերի հատվածում վիրավոր քաղաքացի է ընկած։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, նշված քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խմբին տուժածը հայտնել է, որ թիկունքի մասից գլխին հարված է ստացել, որից հետո իր մոտ եղած մոտ 10 հազար ԱՄՆ դոլարը հափշտակել են։

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժանում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են տուժածի ինքությունն ու, ինչպես նաև նրա հայտնած տեղեկության իսկությունը և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքն աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: