Search
Close this search box.

Ինչպես է կորոնավիրուսը ներթափանցել կարանտինային ռեժիմում գտնվող Երևանի Նորքի տուն ինտերնատ

Երևանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են: Տեղեկությունը լրատվամիջոցներին էր փոխանցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե լինելո՞ւ է որևէ ստուգում և պարզաբանում՝ արդյոք վերահսկողական թերացման հետևանքո՞վ է վարակը ներթափանցել ինտերնատ, Ս. Մարտիրոսյանը վստահեցրեց. «Վերահսկողական թերացումներ չեն եղել»:

Նա հավելեց, որ վարակի աղբյուրն այս պահին ճշտել հնարավոր չէ, որովհետև կարանտինային բոլոր պայմանները պահպանվել են:

Անդրադառնալով ինտերնատում վարակի ներթափանցման հնարավոր վարկածին՝ նա նշեց.

«Փետրվարի 27-ից սկսած՝ հաստատությունը եղել է կարանտինային ռեժիմում, իսկ ապրիլի 21-ից սկսած՝ ընդհանրապես փակ ռեժիմում:

Եղել է հաստատությունից դուրս գալու մեկ դեպք, երբ տարեցների անկողնային խնամքի բաժնում գտնվող կանանցից մեկն առողջության վատթարացում է ունեցել, և կնոջը ստիպված են եղել հոսպիտալացնել «Էրեբունի» բ/կ-ում:

Այնտեղից կնոջ դուրսգրումից հետո՝ քաղաքացին նորից բերվել է տուն-ինտերնատ, որտեղ նրան թեստավորել են. Թեստի պատասխանը բացասական է եղել:

Չնայած այդ հանգամանքին՝ «Նորքի» տնօրինությունը մեկուսացրել է քաղաքացուն, բայց քանի որ քաղաքացին ինքնուրույն չի կարողացել իր կարիքները հոգալ, իրեն կցվել է սանիտար:

Հիվանդության առաջին ախտանիշերը գրանցվել են հենց այդ կնոջ մասին հոգ տանող սանիտարի մոտ, այսինքն՝ ենթադրում ենք, որ ուղղակի այս կնոջ մոտ հիվանդանոցից վերադառնալուց հետո եղել է ինկուբացիոն շրջանում գտնվող վարակ, որն առաջին թեստավորման դեպքում ցույց չի տվել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ խնամքի բոլոր հաստատությունները, շուրջ երեք ամիս է՝ գտնվում են կարանտինի մեջ, և շուրջ մեկ ամիս է՝ փակ ռեժիմով են աշխատում: Բոլոր հաստատություններում կան անհրաժեշտ քանակի թեստեր, ախտահանիչ և կանխարգելող միջոցներ: