Search
Close this search box.

«Խելոք ընտանիքի դաստիարակված զավակ էր». Գուգարք գյուղում ցնցված են զինվորի մահվան բոթից

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Արցախի արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը: Նախնական տեղեկություններով զինվորի վրա կրակել է իր ծառայակից ընկերը, որն իրավապահներին բացատրել է` սպանելու մտադրություն չի ունեցել:

Ըստ զինվորի պատմածի՝ ինքն ու Հենրիկ Արամյանը կատակ են արել միմյանց հետ, ինքը վստահ է եղել, որ զենքի մեջ փափուշտ չկա, եւ զենքը պահել է ընկերոջ վրա ու կրակել, ինչի արդյունքում Հենրիկ Արամյանը մահացել է: Հենրիկ Արամյանը Լոռու մարզի Գուգարք համայնքից էր։ Զինվորի մահվան բոթից ամբողջ գյուղն է ցնցված:

GPnews.am-ի հետ զրույցում Գուգարք համայնքի Մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Գրիգորյանը պատմեց, որ Հենրիկ Արամյանին հիշում է Մշակույթի տանը դաշնամուրի դասերի հաճախելիս, ասում է՝ երաժշտության հանդեպ սերը նրանց ընտանիքում գեներով է եկել.

«Նրա հայրը, հորաքույրները նույնպես երաժիշտներ են: Շատ խելոք, դաստիարակված, լավ ընտանիքի զավակ էր: Դպրոցում սիրված աշակերտ էր, շրջապատում՝ սիրված ընկեր: Ընտանիքում քույր և եղբայր են, քույրն ուսանող է: Բոլորս ցավով ենք տանում այդ լուրը»:

Նշենք, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: