Search
Close this search box.

«Վատագույնն առջևում է»․ հայտնի է COVID-19 համավարակի նոր էպիկենտրոնը․ Der Spiegel

Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի տարածման տագնապալի վիճակագրությունը վկայում է այն մասին, որ տարածաշրջանը կարող է դառնալ համավարակի նոր օջախ։ ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Der Spiegel-ը։

«Բժիշկներ առանց սահմանների» բրազիլական բաժանմունքի ղեկավար Անա դե Լեմոսն ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում լատինաամերիկյան երկրներում գրանցվել է հիվանդացության և մահացության ռեկորդային ցուցանիշ։

Նյութի հեղինակ Ալեքսանդր Սարովիչի խոսքերով՝ որոշ քաղաքներում իրավիճակը համեմատելի է ԱՄՆ-ում և Եվրոպայում համաճարակի գագաթնակետի հետ։

«Պերուի մայրաքաղաք Լիմայում մահանում է երկու անգամ ավելի շատ մարդ, քան սովորաբար։ Ցուցանիշը համեմատելի է Փարիզում համաճարակի ամենավատ ամսվա հետ»,- գրում է Der Spiegel-ը։

Բրազիլական Մանաուս քաղաքում, որտեղ կա 2 մլն բնակչություն, մահացությունն ավելացել է 3 անգամ։ Այդ վիճակագրությունը բնորոշ էր Լոնդոնին և Մադրիդին, որտեղ դիտվում էր առավել ծանր համաճարակաբանական իրավիճակ, նկատել է Սարովիչը։ Էկվադորի Գուայակիլ քաղաքը, որտեղ մահացել է 5 անգամ ավելի շատ մարդ, քան նախորդ տարիներին, կարող է դառնալ երկրորդ Նյու Յորքը, կարծում է նա։

Ինչպես նշվում է, Բրազիլիայում արդեն սկսել են կորոնավիրուսից մահացած մարդկանց զանգվածային թաղումները։ Բացի այդ, երկրում COVID-19-ի թեստավորումների քանակը քիչ է։

Հրատարակությունը մեջբերում է Սան Պաուլոյի բժիշկներից մեկի խոսքերը, որը հայտարարել էր, որ Բրազիլիայում մահացության թիվը կարող է հասնել 100.000-ի, իսկ «վատագույնը դեռ առջևում է»։ Հոդվածի հեղինակի կարծիքով՝ այդպիսի կանխատեսումները պայմանավորված են երկրում ոչ այնքան խիստ կարանտինային սահմանափակումներով և երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ վիրուսի նկատմամբ ոչ լուրջ վերաբերմունքով։ Բրազիլիայի նախագահը COVID-19-ը «թեթև գրիպ էր» որակել։

Բացի այդ, Մեքսիկայում արդեն սկսել են հանել նախկինում սահմանված կարանտինային սահմանափակումները՝ չնայած այն բանին, որ երկիրը Լատինական Ամերիկայում վարակվածների և մահացածների թվով 3-րդ տեղում է։ Դրա հետ մեկտեղ, վարակաբանների խոսքերով՝ Մեխիկոն համավարակի գագաթնակետին դեռ չի հասել։

Չնայած խիստ կարանտինային սահմանափակումներին՝ Պերուում հիվանդությունը լայն թափով է զարգանում։ Լորետո տարածաշրջանում ժամում կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում։

«Ի տարբերություն Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ Լատինական Ամերիկայի երկրները ճգնաժամին դիմակայելու քիչ հնարավորություն ունեն։ Տնտեսական լճացման տարիները բերել են մի շարք պետություններում առողջապահական համակարգում կրճատումների։ Պաշտպանական միջոցների համաշխարհային շուկայում նրանք ստիպված են մրցակցել հարուստ երկրների հետ»,- եզրափակել է հեղինակը։