Search
Close this search box.

Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

Նոր Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 17-ը վարակվել են կորոնավիրուսով։ ՀՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նրա խոսքով ՝ 70 մարդ է թեստավորվել, վարակը հաստատվել է 45-ի մոտ։ 28 վարակվածները տուն–ինտերնատի աշխատակիցներն են, մնացած 17–ը` բնակիչները։ Տարեցներից երեքը շարունակում են մնալ գիշերօթիկ հաստատությունում, բայց ինքնամեկուսացել են։ Նրանց դեպքում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, իսկ մնացած 14-ը տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցում, նրանք նույնպես վարակի ախտանշաններ չունեն։

«Երեք տարեցների վիճակը ծայրահեղ ծանր է։ Ցավոք, նրանք ունեն ուղեկցող հիվանդություններ, ինչը բարդացնում է բժիշկների աշխատանքը», — նշեց Մարտիրոսյանը։
Մամուլի քարտուղարը հավելեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է վարակը ներթափանցել տուն-ինտերնատ, քանի որ այնտեղ խստագույն կարանտին է եղել դեռ փետրվարի 27-ից: Սակայն ենթադրություն կա, որ վարակը «բերել» է տատիկներից մեկը, որն առողջական այլ խնդիրների պատճառով ավելի վաղ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դուրս գրվելուց հետո կնոջը թեստավորել են, պատասխանը բացասական է եղել։ Բայց երբ վիրուսի ախտանշաններն ի հայտ են եկել նրա սենյակակցի և խնամող երկու աշխատակցի մոտ, այդ ժամանակ որոշվել է զանգվածային թեստավորում անցկացնել։

«Գիշերօթիկ հաստատության բոլոր աշխատակիցներն այնտեղ էին մնում, որպեսզի վարակը չներթափանցի ինտերնատ։ Այժմ մենք նաև ինֆեկցիոնիստի ենք հրավիրել, որը շուրջօրյա ռեժիմով հետևում է իրավիճակին, — ասաց Մարտիրոսյանը։

Նա վստահեցրեց, որ իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Կատարվում է տարածքի ախտահանում, ջերմաչափումներ և այլն:

Read more: https://armeniasputnik.am/society/20200518/23090143/norqi-tun-inetrnati-tarecneric-ereqi-vijaky-tsayrahex-tsanr-e-manramasner.html