Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տասը օր է՝ հաց չենք կերել, շաքարաջուր ենք խմում, տանն էլ 5 տարեկան երեխա կա․ քաղաքացի

1990-ին Անժելա Գազարյանը Բաքվում թողել է տունը, ունեցվածքը, կորցրել է ծնողներին, բարեկամներին ու մի կերպ հասել Հայաստան։ Այժմ 49-ամյա կինն իր 5 երեխայի և մեկ թոռան հետ ապրում է մի տանը, որտեղ միայն խոնավության հոտից արդեն շնչելը դժվար է։ 5 տարի է՝ 25000 դրամ վարձ են տալիս, ջուր ու գազ չունեն։ Թե´ խմելու, թե´ օգտագործման ջրի համար 100 մետր ոտքով է գնում։ Տասը օր առաջ գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ասել է, որ ինքնասպանություն է ուզում գործել, այլևս ապրելու միջոցներ չունի։ Այս մասին գրում է Tert.am-ը:

««Դիմել եմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, խնդրել եմ, որ իմ համարը փոխանցեն պարոն Փաշինյանին, սակայն ինձ ոչ մի զանգ չի եկել, խնդրում եմ Ձեզ, մեր վիճակը շատ վատ վիճակ է, մենք տասը օր է հաց չենք կերել, տասը օր է՝ շաքարաջուր ենք խմում, այ էսպես գոյատևում ենք, տանն էլ 5 տարեկան կա»,- ասաց Անժելա Գազարյանը:

Անժելայի 5 երեխայից մեկն անչափահաս է, մյուսն էլ միայնակ մայր է՝ 5 տարեկան որդի ունի։ Ինքն ու տղան օրավարձով են աշխատել։ Անժելան տարբեր հաստատություններում որպես մաքրուհի է աշխատել, քիչ աշխատավարձով կարողացել են ապրել, տան վարձ տալ ու սնունդ գնել։ Սակայն ստեղծված իրավիճակում 2 ամիս է՝ տանն են, չեն աշխատում։ Աշխատանքի համար դիմել է տարբեր կազմակերպությունների, բայց ապարդյուն։ Դիմել է նաև կառավարության աջակցության ծրագրերին, 26.500 դրամ պիտի ստանային, սակայն անձնագրի ժամկետն է լրացել և չեն կարողանում ստանալ հասանելիք գումարը։

«Քանի որ մեր անձնագրի ժամկետն անցել է, մենք չեն կարող այդ գումարը ստանալ, ասել են, որ անձնագիրը 5 օրից պատրաստ կլինի, այսինքն մի 5 օր էլ սոված պիտի մնանք: Պարոն Սիմոնյանին էլի եմ գրել, բայց չի պատասխանել»,- ասաց Անժելա Գազարյանը:

Քսան տարի առաջ որպես փախստական տուն են հատկացրել, սակայն Անժելան մինչեւ հիմա չի կարողանում սեփականաշնորհման հարցերը կարգավորել։ Տունը պատկանում է այլ քաղաքացու, գործը դատարանում է, իրենք էլ շարունակում են պայքարել կրծողների ու խոնավության դեմ»,-ասված է հրապարակման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում