Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-3 երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկի կանխավճարի մի մասը պետությունը կվճարի

Կառավարությունն ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը: Այդ ծրագրերից մեկով աջակցություն կտրվի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած ընտանիքներին, որոնք հիփոթեկային վարկ են մարում:

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որը ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեկային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեկային վարկեր)։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.

երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,

շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,

հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ.

վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է,

վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է

վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,

վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։