Search
Close this search box.

Ական ֆինանսատնտեսական համակարգի տակ, կոլապս՝ անշարժ գույքի շուկայում. Հայկ Ֆարմանյան

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ոչ այլինչ է , քան ական ՀՀ տնտեսական եւ ֆինանսական համակարգի տակ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը:

Մասնագետի խոսքով, օրենքը բազմաթիվ խութեր ունի եւ զուտ տնտեսագիտական ազդեցության տեսանկյունից բերելու է լուրջ բացասական հետեւանքների: «Երբ ի սկզբանե անմեղության կանխավարկածը կասկածի տակ է առնվում, բնականաբար, դա ներդրողներին բացասական ազդակներ է հաղորդում: Չկա աշխարհում որեւէ պետություն, որտեղ լինի այն մոդելը, որը ներդրվում է Հայաստանում: Կան երկրներ, որտեղ դատարանով ապացուցվում է անձի մեղավորությունը, նոր միայն դրան հաջորդում է գործընթացը, երբ նա պետք է ապացուցի, որ մյուս գույքերը ձեռք է բերել օրինական ճանապարհով»,-ասաց Հայկ Ֆարմանյանը:

Հիշեցնենք, մասնագիտական շրջանակների կողմից քննադատվող օրենքը նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց՝ չնայած ակնկալիքներին, որ հնարավոր է այն, ինչպես եւ «Բանկային գաղտնիքի մասին » օրենքը, կարող է ուղարկել ՍԴ՝ Սահմանադրության հետ համապատասխանության հարցը քննելու դիմումով:

«Փաստորեն, ցանկացած անձի կարելի է ներկայացնել պահանջ՝ ապացուցելու , որ իր գույքն օրինական է: Աքիսոմատիկ, ապացուցման կարիք չունեցող իրողություն է, որ ցանկացած պոտենցիալ ներդրող ուղղակի կխուսափի Հայաստանում ներդրում կատարել»,-շեշտեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանի առանձնահատկություններից ելնելով հարկավոր է հակառակ ուղղությամբ գնալ՝ որդեգրել խրախուսող, խթանող քաղաքականություն:

Հայկ Ֆարմանյանն ասում է՝ տնտեսությունը շատ նուրբ համակարգ է եւ նման օրենսդրական նախաձեռնությունների մասին խոսակցություններն անգամ կարող են ազդել տնտեսական զարգացումների վրա: «Ելակետը մեկն է՝ մենք պետք է ելնենք մեր պետության առանձնահատկություններից: Աբսուրդ է բերել եւ «իքս» պետության մոդելը ուղղակի ներդնել, դա չի աշխատելու, որովհետեւ նախ եւ առաջ պետք է հասկանալ երկրի առանձնահատկությունները՝ մենք ինչ վիճակում ենք , որտեղ ենք գտնվում, ինչ հնարավորություններ ունենք եւ արդյոք այդ օրենքը ավելի մեծ վնաս չի հասցնի մեր տնտեսությանը, քան դրա նպատակն է»:

Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ: Հայկ Ֆարմանյանն արձանագրում է՝ այս տեսանկյունից աշխարհում որեւէ այլ երկիր մեր վիճակում չի գտնվում եւ ներդրումների ներգրավման մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչ է հարկավոր ներդրողին.«Եկեք ներդրողի աչքերով նայենք՝ ներդրողին հետաքրքրում է կայունություն՝ աշխարհաքաղաքական, ռազմական : Մենք փաստացի պատերազմական վիճակում ենք գտնվում , քաղաքական կայունության մասին խոսք անգամ լինել չի կարող եւ այս պայմաններում մենք առաջ ենք քաշում « Բանկային գաղտնիքի» ու «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենսդրական նախաձեռնությունները»:

Հայկ Ֆարմանյանը աբսուրդ է համարում այն, որ նույնիսկ, եթե գույքը ձեռք է բերվում այնպիսի անձից, որը գույքը ձեռք է բերել ենթադրյալ ապօրինի ճանապարհով , ապա այն հետագայում ենթակա է բռնագանձման: Ըստ Ֆարմանյանի, հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ բազմաթիվ հարցեր են ներկայացվելու եւ պետբյուջեից ստիպված ենք լինելու փոխհատուցել:

«Նպատակը միանշանակ քաղաքական է: Այսօր բազմաթիվ անձանց նկատմամբ հարուցված են քրեական գործեր, որոնք չեն ապացուցվում եւ սա միակ ճանապարհն է՝ այդ անձանցից բռնագրավել այն գույքը, որը ի սկզբանե , ենթադրաբար համարվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված: Մեր կուսակցության բանաձեւը հետեւյալն է՝ անցյալին չանդրադառնալու կամք եւ կարողություն, տեխնոկրատական կառավարում, օրենքի եւ իրավունքի գերակայություն»:

Ըստ Ֆարմանյանի, խոսքով, առաջ շարժվելու կամք եւ կարողություն չկա, ընդհակառակը, իշխանությունը շարունակ հետ է նայում այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը հակառակ ճանապարհով է գնացել :

«ԱՄՆ –ը զարգացել է գանգստերական կապիտալի հիման վրա, կարմիր գիծ է քաշվել եւ հայտարարվել, որ այսուհետեւ պետք է զարգանալ այս ճանապարհով: Այսօր չկա նաեւ պրոֆեսիոնալ կառավարում, խաչ է քաշվել պրոֆեսիոնալիզմի, վրա, այսինքն` եթե քայլել ես մեզ հետ, իրավունք ունես կառավարել: Սա աբսուրդ է, եւ չկա օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքը մենք ենք՝ մեզ ընտրել է ժողովուրդը»,-ասաց Հայկ Ֆարմանյանը:

Հայկ Ֆարմանյանը մի կարեւոր արձանագրում էլ է անում ՝ մոլորություն է հայտարարությունը, թե «սեւերից խլենք գույքը բաժանենք ժողովրդին». «Ժողովրդին բաժանելու մեխանիզմ գոյություն չունի, ես ցավում եմ մեր ժողովրդի համար, եթե հավատում են նման հայտարարությունների, ընդամենը ապօրինի գույքը կարելի է շուկայում վաճառել եւ հետագայում մուտք անել բյուջե , բայց այսօր բանկերում հսկայական կապիտալ կա կուտակված, որոնք ենթակա են վաճառքի, նույնիսկ բանկերը չեն կարողանում իրենց տրամադրության տակ եղած գույքը վաճառել, եթե սրան գումարվի բռնագրավված գույքը , մենք ունենալու ենք անշարժ գույքի շուկայի կոլապս, փլուզում: Ես չգիտեմ, այս մասին մարդիկ տեղյակ՞ են արդյոք»:

Իսկ որպես օրինակ տնտեսագետը Ծաղկաձորի հայտնի հյուրանոցն է նշում, որն այսօր պետության տիրապետման տակ է եւ այդ գույքի հետ որեւէ բան անել չեն կարողանում:

Ինչ վերաբերում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի, որը նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց եւ ուղարկեց ՍԴ, Հայկ Ֆարմանյանն ասաց՝ այն համակարգը քանդելուն է միտված. «Տարիներ ի վեր , անկախությունից ի վեր, բանկային համակարգում շատ լուրջ ջանքեր են ներդրվել, ներդրողներից մեկն էլ եղել է իմ հայրը՝ ԿԲ նախագահի տեղակալ Լեւոն Ֆարմանյանը , այդ ջանքերը ուղղված են եղել այդ թվում նաեւ բանկային գաղտնիքի ինստիտուտը կայացմանը: Եվ այդ ինստիտուտն է եղել արտաքին ու ներքին ներդրողների համար երաշխիքներից մեկը: Հիմա այդ ամենը քանդելու փորձ է արվում »:

Աղբյուր` Փաստինֆո